Ռուվանվելիսայա, Անուրադհապուրա, Շրի Լանկա

Ինչ՞ է Բուդդայական Ստուպա

Ռուվանվելիսայաի (կամ Ռուանվելիի) ստուպայի (դագոբայի) կառուցումը կանխատեսված էր Արահաթ Մահինդայի կողմից, ով բուդդիզմը մ.թ.ա. III դարում Հնդկաստանից բերեց Շրի Լանկա: Լսելով մարգարեության մասին, որ մեծն արքան կկառուցի նման ահռելի շինություն`Դեվանամպիա Տիսսա թագավորը նշված վայրում համապատասխան արձանագրությամբ սյուն թաղեց: Ճիշտ ժամանակին, մեկ դար անց, Դուտուգեմունու արքան հայտնաբերեց թաղված սյունն ու ձեռնամուխ եղավ շինարարությանը: Շինարարությունը սկսվեց Վեսակ ամսի լիալուսնի օրը: Ըստ ավանդության բոլոր արժանահիշատակ իրադարձությունները Շրի Լանկայում տեղի են ունեցել հենց այս օրը` Բուդդայի ծնունդն ու մահը, նրա այցը Շրի Լանկա և այլն: Դագոբայի կենտրոնում արքան դրեց 8 մեծ կարաս ոսկի և 8 կարաս արծաթ: 8 անկյուններից յուրաքանչյուրում նա դրեց մեկական ոսկյա սալիկ` շրջապատված 108 արծաթյա սալիկներով: Ինքն, արքան, չկարողացավ տեսնել իր ստեղծագործությանը. Նա մահացավ, երբ ավարտվում էր տանիքի շինարարությունը: Աշխատանքներն ավարտին հասցրեց նրա եղբայրը:

Ռուվանվելիսայան, 92 մետր բարձրությամբ և 90 մետր տրամագծով, դասվում է աշխարհի ամենաբարձր պատմական հուշարձանների շարքին: Ժամանակին այն բուդդիստական առաջին վանքի` Մահա Վիհարայի կենտրոնն էր, ու այստեղ ապրում էր մոտ 10 000 վանական: Ըստ լեգենդի այստեղ պահվում են Բուդդայի մասունքները: Դագոբայի ձևը նախագծելիս ճարտարապետը ոգեշնչվել էր տեսնելով օդի պղպջակը, որը թռչում էր ջրի վրա: Չնայած իր ազդեցիկ բարձրությանն ու հարյուր-հազարավոր տոննա աղյուսներին, սկզբնական գաղափարը չաղավաղվեց. նայելով այս սպիտակ ներկած հսկայական շինությանը, ձեզ պատում է հանգստության, անդորրի անբացատրելի զգացումը: Գագաթին տեղադրված թանկարժեք քարը նվեր էր Մյանմարից (Բիրմայից):

Դժվար է նկարագրել այն վեհությունը, որ այս շենքը ներշնչում է: Նրա շուրջը մի ամբողջ պտույտ կատարելու համար անհրաժեշտ է 15-20 րոպե: Հաշվի առնելով, որ տարածքում պարտադիր պետք է հանել կոշիկներն ու գլխարկները` ինքնաբերաբար սկսում ես զգալ Ռուվանվելիսայաի ոգին:

Անձամբ ինձ համար ամենաապշեցուցիչ փաստերից մեկն այն էր, որ իր գոյության ընթացքում այս դագոբան երբևէ չի թալանվել, ի տարբերություն օրինակ եգիպտական բուրգերի: Սա ևս մեկ ապացույցն է նրա, թե ինչքան աստվածավախ են տեղի բնակիչները:

Անուրադհապուրա սուրբ քաղաքը, ներառյալ իր բոլոր պատմական հուշարձանները, գրանցված է UNESCO–ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում:

Հոդվածը Սոնա Գասպարյանի, www.building.am

Լուսանկարները՝ Նարեկ Բախտամյանի


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ