Ջետավանարամայա, Անուրադhապուրա, Շրի Լանկա

Ինչ՞ է Բուդդայական Ստուպա

Ինձ համար Ջետավանարամայաի Ստուպան (դագոբան) Անուրադհապուրայի ամենատպավորիչ վայրն է: Հիասքանչ շինություն, որի առջև կանգնած ծիծաղելի է մտածել, որ մարդը բուրգի գագաթն է: Իր միջին վիճակագրական 1.70 մետրով նույնիսկ չարժե երազել դրա մասին: Արդեն հետո, երբ ես սկսեցի ուսումնասիրել դագոբաները, փոքր ինչ հանգստացա. պարզվում է որ Ջետավանարամայան գրեթե ռեկորդային է միանգամից մի քանի ասպարեզներում: Ահա մի քանի թիվ. կառուցման պահին այն աշխարհի երրորդ ամենաբարձր շինությունն էր (122 մ) Քեոպսի ու Կաֆրենի բուրգերից հետո: Սակայն, չնայած իր երբեմնի «ռեկորդակիրությանը», այսօր մի շարք վերակառուցումներից հետո դագոբայի բարձրությունը կազմում է 70մ: Հիմքի խորությունը կազմում է մոտ 12 մ: Ռեկորդային է նաև նրա ծավալը` 2.508.000 մ3: Դագոբայի կառուցման համար օգտագործվել է 93.3 մլն հատ աղյուս: Ինքը, դագոբան, ծածկում է 3 հա տարածք, իսկ ողջ համալիրը, որտեղ բնակվում էր 10 000 վանական, 5.6 հա: Թվերի այս բազմազանության մեջ բացակայում է մեկը` ամենակարևորը: Ոչ մի աղբյուրում չի նշվում դագոբայի կառուցման ստույգ ժամանակը: Հայտնի է, որ շինարարությունը սկսվել է Մահասենա արքայի օրոք (թագ. 275-301թթ.), իսկ ավարտվել է նրա որդու` Մահավաննա I օրոք: Այսինքն դագոբայի շինարարությունը վերաբերվում է մեր թվարկության III-IV դդ.:

Ջետավանարամայան հայտնի է ևս մեկ փաստով. այն խորհրդանշում է վանականների երկու միաբանությունների` Թերավադայի (օրտոդոքս) և Մահայանայի (հետերոդոքս) թշնամանքը: Նրանց միջև հակամարտությունն այնչափ ուժեղ էր, որ թագավորի հրամանով արգելվում էր ապրուստի միջոցներ ու սնունդ տրամադրել Թերավադաներին, որոնք ապրում էին Մահավիհարա վանքի տարածքում: Շուտով նրանց մենաստանը դատարկվեց ու կողոպտվեց թագավորի հրահրումով: Սակայն բանակցություններից հետո թագավորը մտքափոխվեց, զղջաց իր արարքների համար: Նա հրամայեց հին մենաստանի տեղում կառուցել նորը, ու վանականներին նորից այնտեղ բնակեցնել:

Համաձայն լեգենդի այստեղ պահվում է Բուդդայի գոտու մի մասը, սակայն մինչ օրս անհայտ է, թե երբ ու ինչպես է այն հայտնվել այստեղ:

Հաշվի առնելով շինարարության ժամանակաշրջանն ու մասշտաբները` դժվար է չապշել կիրառված տեխնոլոգիաներից: Աղյուսների միջև ազատ տարածությունը փակված է հողով: Իդեալական օվալ ձևը հնարավոր է դարձնում այսքան մեծ շենքի կառուցումը: Հիմքը կառուցելու ընթացքում ճեղքերը փակվում էին քարերով, այնուհետև փղերը ոտքերով ամրացնում էին այն: Շինարարության ժամանական օգտագործված աղյուսները Շրի Լանկայի ճարտարապետության ձեռքբերումներից էն. դրանք 60% կազմված էին ավազից, իսկ 35%` կավից, ինչի հաշվին կարողանում էին մեծ բեռ պահել: Շինարարության ավարտից հետո շենքը պատվել է կրային սվաղով: Այն պարունակում էր նաև խխունջներ, շաքարաջուր, ձվի սպիտակուցներ, կոկոսի հյութ, յուղ, խեժ, ավազ, կավ, խճաքար: Սվաղը պաշտպանում էր շինությունը ջրից, միջատներից ու անցանկալի բույսերից: Ներկայումս հերթական վերանորոգումից հետո սպիտակ սվաղը դեռ չի արվել, ինչի շնորհիվ և դագոբան այսքան տարբերվում է մյուսներից:

1860թ. Ցեյլոնի «գաղութային քարտուղար» Ջեյմս Էմերսոն Թեննենտը իր օրագրում այս դագոբայի մասին գրել է, որ նրա աղյուսները կբավականացնեին, որպեսզի կառուցվեր 3 մետրանոց և 25 սմ լայնությամբ պատ Լոնդոնից Էդինբուրգ (650կմ):

Անուրադհապուրա սուրբ քաղաքը, ներառյալ իր բոլոր պատմական հուշարձանները, գրանցված է UNESCO–ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում:

Հոդվածը Սոնա Գասպարյանի, www.building.am

Լուսանկարները՝ Նարեկ Բախտամյանի


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ