Ժիժկովյան Հեռուստաաշտարակ, Պրահա, Չեխիա
Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի ՉեխիաՊրահայի ամենատարօրինակ կառույցներից մեկը՝ Ժիժկովյան հեռուստատեսային աշտարակը (Žižkovský vysílač), հիշեցնում է խորհրդային տիեզերագնացների մասին ֆիլմերը, որոնցում հրթիռը ուր որ է թռչելու է տիեզերք։ Այդ արտաքին «հրթիռային» տեսքը հետևանքն է նրա, որ շենքը կառուցվել է սոցիալիստական ժամանակաշրջանի վերջում՝ 1985-ից մինչև 1992 թվականները։ Աշտարակը նմանվում է հսկա խորհրդային խաղալիքի, և այնպիսի տպավորություն է, ասես կարմրա-սպիտակ շերտավոր ծայրաձողի վերջում նրան պակասում է միայն խորհրդային խորհրդանիշ՝ կարմիր աստղը։
Շենքի ճարտարապետը Վացլավ Աուլիցկին է։ Աշտարակը կառուցել են Ժիժկով թաղամասում (այստեղից էլ աշտարակի անվանումը)՝ հրեական գերեզմանոցի տեղում, որի մի մասը դեռևս պահպանվել է։ Աշտարակը ամբողջովին կառուցված է մետաղից, բետոնից և ապակուց: Դրա բարձրությունը 216 մետր է։ Աշտարակը կազմված է երեք զանգվածային բարձր բետոնե սյուներից, որոնք կապակցված են լայն հարթակներով։ 93 մետր բարձրության վրա տեղակայված հարթակը ծառայում է որպես դիտահարթակ՝ երեք դիտասրահներով։ Ստորին հարթակները օգտագործվում են որպես ռեստորան և սրճարան։ Եվ իհարկե, աշտարակի վրա տեղադրված է նաև հեռուստառադիոհեռարձակման սարքավորանք։ Դիտահարթակներ հնարավոր է բարձրանալ վերելակով։
Աշտարակը զարդարում են տասը սևամորթ, չորեքթաթ վեր մագլցող երեխաների արձաններ։ Այս արձանախումբը 2000 թվականին ստեղծել է Դավիդ Չյորնին՝ աշտարակը զարդարելու և նրա սոցիալիստական տեսքը փոքր-ինչ մեղմելու նպատակով։
Աշտարակը մտնում է ամենաբարձր աշտարակների Համաշխարհային ֆեդերացիայի մեջ։ Այն Չեխիայի տարածքում ամենաբարձր շինությունն է։ Այստեղից հնարավոր է տեսնել Պրահայի համարյա բոլոր անկյունները։ Ժիժկովյան աշտարակը գրավում է առաջին տեղը Պրահայի ամենատգեղ կառույցերի շարքում։ Իր արտաքին տեսքի, շրջապատող համայնապատկերի հետ անհամապատասխանության համար, այս կառույցը բազմիցս քննադատության առարկա է դարձել։ Սակայն, չնայած իր անճոռնիությանը, այն ունի մեկ առավելություն՝ բարձրանալով աշտարակի դիտահարթակ, հեռադիտակի օգնությամբ թռչնի թռիչքի բարձրությունից կարելի է դիտել Պրահան։ Աշտարակի դիտասենյակները կահավորված են յուրահատուկ բազկաթոռ-պատիճներով, որ հիշեցնում են ֆանտաստիկ ֆիլմեր։ Նստելով բազկաթոռին կարելի է տեսնել Պրահայի կղմինդրե կարմիր տանիքներով աննկարագրելի գեղեցիկ համայնապատկերը։ Դիտասենյակներում նաև հնարավոր է ունկնդրել քաղաքի ձայները՝ խաղացող երեխաների ճիչերը, մեքենաների աղմուկը, եկեղեցիները զանգերի ղողանջը և այլն։
Ժիժկովյան հեռուստաաշտարակը ենթարկվել է խիստ քննադատության իր անճոռնիության պատճառով, սակայն ինչպես նշվում է զբոսաշրջիկներին այնտեղ կանչող գովազդային պաստառում, այս աշտարակը՝ «Աշխարհի ամենաանճոռնի կառույցը - դուք կսիրահարվեք նրան»։
Հոդվածը Աննա Փամբուխչյանի, www.building.am