Իպսիլանտիի Ջրային Աշտարակը, Միչիգան, ԱՄՆ
Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Ամերիկայի Միացյալ ՆահանգներԱշտարակը կառուցվել է 1889-1990 թթ. քաղաքի ջրամատակարարման ծրագրի շրջանակներում: Շենքի ճարտարապետը Ուիլյամ Քոսթն է. բարձրությունը կազմում է մոտ 45մ, հիմքը 26 մ է: Պատերի հաստությունը հիմքի մոտ 1 մ է, իսկ վերևում՝ 0.6 մ: Աշտարակը կառուցվել է Joliet կրաքարից: Ներսում գտնվում է 250 000 գալոն(մոտ 946 000 լիտր) տարողությամբ պողպատյա ջրամբար: Աշտարակն ունեցել է երկու նշանակություն. այն ջուր է մատակարարել ամբողջ քաղաքին, ինչպես նաև էլեկտրաէներգիա է արտադրել քաղաքային լապտերների համար:
Շինարարության ժամանակ դժբախտ պատահարներից խուսափելու համար աշխատողները 4 խաչ էն պատրաստել ու տեղադրել. մեկը գտնվում է արևմտյան մուտքի մոտ, արևելյան մուտքի մոտ տեղադրված է հունական խաչ, ևս երկուսը կարելի է տեսնել շենքի ներսում: Շենքը կառուցված է Աննա թագուհու ոճի մեջ, որին սովորաբար բնորոշ է գույների ու ձևերի անհասկանալի բազմազանությունը: Սակայն աշտարակի դեպքում ոճը կիրառվել է մաքսիմալ զուսպ տարբերակով:
Մուտքի մոտ ԱՄՆ ու Հունաստանի դրոշների միջև տեղադրված է հույն գեներալ Դմիտրի Իպսիլանտիի կիսանդրին, ում անունով որ կոչվել է քաղաքը:
Այսօր աշտարակը տեսարժան վայր է ոչ միայն Իպսիլանտիի, այլև ողջ Միչիգանի համար: Նրա լուսանկարը տեսնելուն պես պարզ կդառնա թե ինչու: Պատճառը շենքի ֆալլոսանման կառուցվածքի մեջ է: Առաջին հայացքից կարող է թվալ, թե ոչ մի առանձնակի երևույթ չէ սա. ամբողջ աշխարհով մեկ կարելի է հանդիպել նման տեսք ունեցող շինությունների: Պարզվեց, որ հիացմունքի տեղ կա. 2003թ. աշտարակն առաջադրվեց «Կատալոգ» ամսագրի կազմակերպած «Ամենաֆալլոսանման շենքեր» մրցանակաբաշխությանը: Իմիջիայլոց, ոչ միայն առաջադրվեց, այլև հաղթող ճանաչվեց: Փաստորեն, այս հոդվածը խոսում է 2003թ. աշխարհի ամենաֆալլոսանման շինության մասին: Մրցանակաբաշխությանն առաջադրված էին նաև այլ նմանատիպ «անպարկեշտ» շինություններ:
Դժբախտաբար ամսագիրը չի ներկայացրել այն չափանիշները, որոնք շենքը դարձրել են ամենա-: Այս պարագայում մնում է հուսալ, որ ժյուրին ուներ համապատասխան որակավորում և գիտելիքներ, ու մենք կարող ենք վստահել նրանց կարծիքին:
Նման հետաքրքիր մրցույթի հաղթողը մեծ ուշադրություն սևեռեց քաղաքի վրա: «Նրա» հետ նկարվելու համար մարդիկ այստեղ են գալիս ոչ միայն բոլոր նահանգներից, այլև շատ տարբեր երկրներից: Զարմանալի չէ. չէ՞ որ մարդկությունը երբեք անտարբեր չի եղել ֆալլոսանման խորհրդանիշերի հանդեպ:
Հոդվածը Սոնա Գասպարյանի, www.building.am