Եղիշե Առաքյալի Վանք, Մատաղիս

Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Հայաստան

Սբ. Եղիշե Առաքյալի վանքը հայկական ամենահին վանքերից է: Գտնվում է Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղի մոտակայքում, Մռավ լեռան լանջին: Նախապես այստեղ գտնվում էր հեթանոսական սրբավայր, որը կոչվում էր Ներսմիհրի ուխտ: Քրիստոնեության ընդունումից հետո սրբավայրը դարձավ քրիստոնեական և կոչվեց Ջրվշտիկ` վանքի մոտ գտնվող Ջրվշտիկ ջրվեժի անունով: Համաձայն պատմիչ Մովսես Կաղանկատվացու, Աղվանքի թագավոր Վաչագան Բարեպաշտը V դ. Սուրբ Եղիշեի գերեզմանի վրա կառուցել է մատուռ-դամբարան, որտեղ էլ վախճանվելուց հետո թաղվել է:

Եղիշե Առաքյալ վանքային համալիրը կազմված է եկեղեցիներից, մատուռներից և մի շարք բնակելի ու տնտեսական նշանակություն ունեցող շինություններից:

Վանքի գլխավոր եկեղեցին, որն իրենից ներկայացնում է թաղածածկ դահլիճ, կառուցվել է XII-XIII դդ.: Իր երկար պատմության ընթացքում եկեղեցին բազմիցս անգամ վերակառուցվել է, ինչի մասին վկայում են քարակառույցում օգտագործված ավելի հին քարեր, որոնց վրա պահպանվել են արխաիկ ճարտարապետական էլեմենտներ: Եկեղեցին ունի երկու մուտք` հարավից և արևմուտքից: 1284թ. կառուցվել է եկեղեցու գավիթը` ընհանուր ճարտարապետության համապատասխան: Գավիթը քառակուսի դահլիճ է երկու քանդակազարդ սյուներով: Նրա տանիքին 1323թ. կառուցվել է քառասյուն զանգաշտարակը: 1286թ. Վաչագան Բարեպաշտի գերեզմանի վրա վանահայր Սիմեոնը կառուցել է եկեղեցի:

Գլխավոր եկեղեցու երկու կողմում գտնվում են մատուռներ` երեքը հարավային մասում և չորսը հյուսիսային, որոնք միաժամանակ ծառայել են նաև որպես դամբարաններ:

Վանքի հարավային մասում են գտնվում խցերը և սեղանատունը: Նրանց շարքում իր ճարտարապետությամբ առանձնանում է վանահորը պատկանող երկհարկանի շինությունը(1552թ.): XVI դարում վանքը պարսպապատվել է, կառուցվել են երկու կամարակապ դարպասները: Վանքի շուրջ սփռված են բազմաթիվ հուշարձաններ, խաչքարեր և գերեզմանաքարեր, որոնք թվագրվում են XIII-XVIIIդդ. :

Միջնադարում Եղիշե Առաքյալ վանքը եղել է Արցախի մշակույթի և դպրության կենտրոն: Այստեղ պահվել են բազմաթիվ ձեռագրեր, կրոնական և աշխարհիկ փաստաթղթեր, եկեղեցական սպասք: XVIII դ. վանքը հայ ազատագրական պայքարի կենտրոններից մեկն էր:

Հոդվածը Նատալիա Ղուկասյանի, www.building.am


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ