Համաշխարհային Ֆինանսական Կենտրոն, Չինաստան
Ի՞նչ է LEED Հավաստագրումը Համաշխարհային Ֆինանսական Կենտրոն, Պեկին, Չինաստան
Պեկինի կենտրոնական գործարար թաղամասում գտնվող Համաշխարհային ֆինանսական կենտրոնը ունի 100 մետր բարձրություն: Շքեղ երկնաքերը կառուցվել է պոստմոդեռնիստական ոճով: Այն Չինաստանի անշարժ գույքի շուկայի կենտրոնն է: Շենքը ոչ միայն ընդգրկում է ֆինանսական ընկերություններ, բանկեր ու բազմամշակութային կազմակերպություններ, այլև բավարարում է նրանց բոլոր պահանջները` անվտանգության, ունեցվածքի կառավարման, հարմարավետ և էկոլոգիապես մաքուր աշխատանքային միջավայրի առումով: Ավելին, շնորհիվ ճկուն ինտերիերի` վարձակալները կարող են փոփոխության ենթարկել այն` ըստ իրենց յուրահատուկ կարիքների: Համաշխարհային ֆինանսական կենտրոնի ճարտարապետը Սեզար Փելլին է` ԱՄՆ-ում, Հոնգ Կոնգում, Կուալա Լումպուրում և այլուր նմանատիպ կենտրոնների «հեղինակը»:
Իրենց ապագա գրասենյակների համար տարածք ընտրելիս բազմաթիվ հեղինակավոր կազմակերպություններ ուշադրություն են դարձնում այնպիսի կարևոր գործոնների վրա, ինչպիսիք են կայուն դիզայնը, արտանետումների կրճատումը, էկոլոգիապես մաքուր աշխատանքային միջավայրը և ջրի ու էներգիայի խնայումը: Պեկինի Համաշխարհային ֆինանսական կենտրոնը բավարարում է այս բոլոր պահանջներին: 2010 թվականին այս յուրահատուկ բարձրահարկ շենքն արժանացավ LEED պլատինե հավաստագրման: Շենքում կա փակ ձմեռային այգի: Կենտրոնը բաղկացած է 24-հարկանի երկու աշտարակներից` Արևելյան և Արևմտյան: Նախագծի կառուցապատողը «Հենդերսոն Լենդ Գրուփ» (Henderson Land Group) ընկերությունն է: Շինարարական աշխատանքները սկսվել են 1996 թվականին և ավարտվել 1998 թվականին: Հատակի ընդհանուր մակերեսը 116000 քառակուսի մետր է: Նախասենյակների հիմնական պատը ձևավորված է բյուրեղապակով, որը գերմանացի նկարիչ Մայքլ Հեմմերսի գլուխգործոցն է:
Հոդվածը Աստղիկ Աթաբեկյանի, www.building.am