Վուդսթոք Ամրոց, Օքսֆորդշիր, Մեծ Բրիտանիա
Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Մեծ ԲրիտանիաՎուդսթոք Ամրոց, Օքսֆորդշիր Կոմսություն, Մեծ Բրիտանիա
Վուդսթոք ամրոցն եղել է Անգլիայի մի շարք թագավորական ընտանիքների բնակավայրը: Նրա կառուցման մասին ստույգ տեղեկություններ չկան: Հայտնի է, որ Հենրի I շենքին ավելացրել է որսորդական տնակը, իսկ 1129 թ. տարածքը շրջապատել է 7 մղոնանոց պարսպով ու ստեղծել է առաջին այգի-արգելոցը, որտեղ ազատության մեջ զբոսնում էին առյուծներ ու հովազներ: Նրա թոռան` Հենրիխ II օրոք որսորդական տնակը վերածվել է դղյակի, որտեղ արքան ժամանակ էր անցկացնում իր սիրելի Ռոզմունդ Քլիֆֆորդի հետ: Դղյակը քանդվել է Հարյուրամյա պատերազմի ընթացքում, իսկ 60 տարի անց նրա տեղում կառուցվել է Բլենհեյմյան ամրոցը: Այն հայտնի է նրանով, որ այստեղ է ծնվել Ուինսթոն Չերչիլը:
Չնայած նրան, որ խոսում են Վուդսթոք ամրոցի (այժմ Բլենհեյմյան ամրոց) ուրվականի մասին, սակայն այն չի կարելի անվանել սարսափելի: Այստեղ ավելի շուտ սերն է տիրում: Պատմությունը հետևյալն է. Անգլիայում 12րդ դարում ապրում էր մի աղջիկ ծայրահեղ աղքատ ընտանիքից Ռոզմունդ անունով: Միակ բանը, որ նա ուներ այս կյանքում, դա գեղեցկությունն էր: Հենց դրա շնորհիվ նրան նկատեց Հենրիխ II արքան ու սիրահարվեց նրան: Ասում են` այլևս երբեք ու ոչ ոքի արքան այդպես չսիրեց, ինչպես Ռոզմունդին: Սիրելիին խանդոտ կնոջից պաշտպանելու համար թագավորը Ռոզմունդին թաքցրել է դղյակում, որտեղ հատուկ լաբիրինթոս է կառուցել: Մուտքը պաշտպանում էր հավատարիմ ասպետ Թոմասը, որը պահում էր արծաթյա թելը. այդ թելով էր միայն հնարավոր գտնել դեպի Ռոզմունդ տանող ճանապարհը:
Սակայն մի անգամ թագավորը պետք է մեկներ Ֆրանսիա ու թողներ իր սիրելիին մենակ ամրոցում: Խորամանկ Էլեոնորա թագուհին իմանում է ամուսնու սիրային կապի մասին, ինչպես նաև Ռոզմունդի մոտ տանող ճանապարհը: Եվ ահա նրանք հանդիպում են, ու Ռոզմունդը ստիպված է լինում ընտրել` դաշույն թե թույն: Նա ընտրում է թույնը: Իմանալով նրա մահվան մասին` արքան կորցնում է իրեն վշտից: Դրանից հետո երիտասարդ գեղեցկուհու ուրվականն անընդհատ այցելում է դղյակը՝ սպասելով իր սիրելի թագավորին:
XVIII դարում կառավարությունը որոշում է ընդունում առգրավել ամրոցի ունեցվածքը պարտքերի դիմաց: Որոշումը կատարող աշխատողները շատ վատ ընդունելության են արժանանում. Ռոզմունդը նրանց վրա քարեր է նետում, շուռ է տալիս մահճակալները, սառը ջուր է լցնում:
Հոդվածը Սոնա Գասպարյանի, www.building.am