Վինչեստերների Տունը, Սան-Խոսե, ԱՄՆ

Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Ամերիկայի Միացյալ Նահանգներ

Տունը կառուցել է «Վինչեստեր» հայտնի հրացանների հեղինակ Ուիլյամ Ուիրտ Վինչեստերի կինը: Ամուսնու մահից հետո 1881թ. Սարա Վինչեստերը սպիրիտուալ սեանս կազմակերպեց, որպեսզի հանդիպի ամուսնուն: Վերջինս նրան պատմեց, որ իր հայտնագործությունը շատ մարդկանց կյանք է խորտակել, ու որ այդ մարդկանց հոգիները շուտով գալու են նրա հետևից: Նա նաև կարգադրեց, որպեսզի իր կինը թողնի իրենց այդ ժամանակի տունը և տեղափոխվի արևմուտք` դեպի մայրամուտը, որտեղ էլ կառուցի լրիվ նորը: Սակայն այն պահին, երբ շինարարությունը կավարտվեր, նա անպայման պետք է մահանար:

Անտեսելով այս ահավոր պայմանը` տիկին Վինչեստերը կատարեց ամուսնու կարգադրությունը և 1884 թ. սկսեց տան շինարարությունը: Չնայած այս ահռելի շինությունը դժվարությամբ կարելի է անվանել տուն, այն ավելի շատ հիշեցնում է մի մեծ լաբիրինթոս բազմաթիվ թակարդներով ու փակուղիներով: Այնուամենայնիվ, եթե հիշենք պարոն Վինչեստերի կանխատեսած ճակատագիրը կնոջ համար, տան բոլոր տարօրինակություններն արդեն պարզ են դառնում. տիկին Վինչեստերը պարզապես ցանկանում էր ժամանակ ձգել:

Ի սկզբանե կառուցվել էր 500-600 սենյակ, սակայն վերակառուցումների հետևանքով մնաց միայն 160: Տունը զարդարված է չափազանց շքեղ. Այստեղ կա այն ամենը, ինչ կարելի է գնել: Տիկին Վինչեստերը բավականին նրբաճաշակ էր, ու եթե դրան ավելացնենք անսահմանափակ միջոցները, կստացվի այն, ինչ տեսնում ենք այս տանը: Այստեղ կա հատուկ բուխարիների սենյակ, հսկայական պարասրահ ու շքեղ զարդրաված աշխատասենյակներ: Առանձնակի ուշադրության է արժանի մանրատախտակից հատակը. այն պատրաստված է կարմիր ծառից, պալիսանդրից, թխկենուց, կաղնուց: Ասում են, որ վարպետը ծախսել է 33 տարի միայն այս տան վրա` այն ամբողջությամբ ավարտի հասցնելու համար:

Այս ամենի հետ մեկտեղ տանը կարելի է տեսնել շատ անհասկանալի բաներ. դռներ, որ բացվում են պատերի մեջ, սանդուղքներ, որ տանում են դեպի առաստաղ և այլն: Դրսից տունը նույնպես բավականին տարօրինակ տեսք ունի իր աշտարակներով, փորագրված կամարներով ու քիվերով:

Ասում են, որ շինարարության ընթացքում տիկին Վինչեստերը փորձում էր ամեն կերպ հաճոյանալ “բարի” հոգիներին ու խուսափել “չարերից”: Ամբողջ տանն ընդամենը երեք հայելի կա, քանի որ հոգիները դրանք չեն սիրում: Այնուամենայնիվ, դա էլ նրան չփրկեց, քանի որ 38 տարի տևած շինարարության ավարտից հետո նա մահացավ…

Հոդվածը Սոնա Գասպարյանի, www.building.am

Լուսանկարները՝
https://picasaweb.google.com


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ