Վավելի Թագավորական Ամրոց, Կրակով, Լեհաստան
Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի ԼեհաստանԼեհաստանի խորհրդանիշը, լեհական թագավորների թագադրման դղյակը, վայր, որտեղ թաղված են լեհական թագավորներ և հայտնի քաղաքական ու մշակութային գործիչներ, արժեքավոր ճարտարապետական հուշարձան՝ Վավելի թագավորական ամրոցը (Zamek Królewski na Wawelu – թարգ. «Թագավորական ամրոց Վավելի վրա») կանգնած է Վավել բլրի վրա՝ Վիսլա գետի ձախ ափին։ Վավել ճարտարապետական համալիրը բաղկացած է թագավորական դղյակից, մայր տաճարից, տնտեսական կառույցներից և ամրոցի պաշտպանական շինություններից։ Թեև այս շենքերը ճարտարապետական ոճով միմյանցից կտրուկ տարբերվում են, դրանք ներդաշնակորեն միաձուլվում են միմյանց՝ ստեղծելով Արևելյան Եվրոպայի ամենագեղեցիկ ճարտարապետական համալիրներից մեկը։
Պեղումները վկայում են, որ Վավելյան բլուրը բնակեցված է եղել հնագույն ժամանակներից։ Վավելյան ամրոցը բլրի վրա սկսել են կառուցել 13-րդ դարի վերջում։ 1340-ական թվականներին քարե կառույցները շրջափակել են բերդապարիսպներով։ 16-րդ դարում Սիգիզմունդ թագավորը որոշեց վերակառուցել ամրոցը ռենեսանս ոճով և Իտալիայից հրավիրեց լավագույն վարպետներին։
Հենց դղյակի մուտքի մոտ` գլխավոր դարպասների կողքին, կանգնած է Լեհաստանի ազգային հերոս Թադեուշ Կոստյուշկոյին նվիրված հուշարձանը։ Այս հուշարձանի հետ կապված է մի հետաքրքիր պատմություն։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հուշարձանը ոչնչացվել էր նացիստների կողմից, սակայն պատերազմի ավարտից հետո Գերմանիայում ձուլել են հուշարձանի կրկնօրինակը և տեղադրել նախկին արձանի տեղում։ Հետաքրքիր է, որ նոր հուշարձանի ձին տիպիկ գերմանական նժույգի է նման, որն էլ դարձել է այնպիսի կատակների պատճառ, ինչպիսին է «Կոստյուշկոն փոխել է ձիուն»։
Թագավորական դարպասներից ձախ գտնվում է Ստանիսլավ և Վացլավ սրբերի մայր տաճարը։ Այստեղ թագադրել են լեհական թագավորներին։ Այս ավանդույթը պահպանվել է նաև մայրաքաղաքը Կրակովից Վարշավա տեղափոխելուց հետո: Այստեղ թաղված են որոշ լեհ արքաներ։ Տաճարը կառուցվել է դեռևս 11-րդ դարում, սակայն 15-րդ դարում համարյա ամբողջովին վերափոխվել է գոթական ճարտարապետության ոճով։ Հենց այս տաճարում է գտնվում Լեհաստանի ամենամեծ եկեղեցական զանգը՝ Սիգիզմունդը։
Վավելյան բազմաթիվ աշտարակներից ամենահինը Արծաթե զանգերի աշտարակն է, որը կառուցվել է դեռևս 12-րդ դարի սկզբին։
Ամրոցի հրապարակում կան մի քանի կաթոլիկ մատուռներ, որոնք կառուցվել են 16-17-րդ դարերում։ Ճանապարհը մատուռների կողքով տանում է դեպի թագավորական պալատի ներքին բակը։ Եռահարկ պալատը կառուցել են իտալացի ճարտարապետները։ Առաջին երկու հարկերը ներքին բակի կողմից զարդարված են կամարներով։ Առանձնապես գեղեցիկ է Սիգիզմունդ Առաջին թագավորի ննջասենյակը շենքի երկրորդ հարկում, ինչպես նաև Լեհական դահլիճը և «Թռչունների տակ» անունը կրող դահլիճը։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ամրոցը գերմանացի նահանգապետի նստավայրն էր։ Այժմ ողջ ամրոցը ծառայում է որպես թանգարան։ Լեհաստանի համար Վավելյան ամրոցի նշանակությունը հավասարազոր է Ֆրանսիայի համար Վերսալի նշանակությանը կամ Ռուսաստանի համար` Կրեմլինը։
Հոդվածը Աննա Փամբուխչյանի, www.building.am