Ջուր և Կյանք, Հեմեթ, Կալիֆորնիա, ԱՄՆ
Ի՞նչ է LEED Հավաստագրումը «Ջուր և կյանք» թանգարանային համալիրը (The Water+Life Museums) առաջին թանգարանն է, որ արժանացել է LEED պլատինե հավաստագրի 2008 թվականի ապրիլին: Համալիրը կառուցվել է «Մայքլ Լերեր Արքիթեքթս» ( Michael Lehrer Architects), ընկերության կողմից: Համալիրի ստեղծումը սերտորեն կապված է հայտնի Դայմընդ Վելի ջրամբարի (Diamond Valley Lake Reservoir) կառուցման հետ, որի աշխատանքներն ավարտվեցին 1999 թվականին: Շինարարության հողային աշխատանքների իրականացման ընթացքում հայտնաբերվեցին որոշ ուշագրավ բրածոներ, ուստի անհրաժեշտ եղավ կառուցել թանգարան` դրանք ցուցադրելու համար: Հսկայական մշակութային համալիրը ներառում է երկու թանգարան` Հնագիտության և պալեոնթոլոգիայի արևմտյան կենտրոնը և Ջրային կրթության կենտրոնը: Առաջինը ծառայում է հնագիտական հետազոտությունների ընթացքում հայտնաբերված հնագույն նմուշները ցուցադրելու համար, իսկ վերջինս իր այցելուներին ներկայացնում է ջրի դերը Հարավային Կալիֆորնիայում և ամբողջ աշխարհում: Համալիրի շինարարությունն ավարտվել է 2006 թվականի նոյեմբերին: Բացի ցուցասրահներից, շենքում գործում են նաև լաբորատորիաներ, գրասենյակներ, հուշանվերների խանութ, սրճարան և այլն:
Քառասուն միլիոն դոլար արժողությամբ համալիրն օժտված է այսպես կոչված «կանաչ» շենքերին հատուկ առանձնահատկություններով, որոնք վերաբերում են մասնավորապես էլեկտրաէներգիայի և ջրի սպառման խնայողությանը: Հարավային Կալիֆորնիայի անապատային կլիմայի պատճառով (սարսափելի ցուրտ ձմեռ և չափազանց շոգ ամառ) ջրի խնայողությունը խիստ կարևոր է: Շենքում գործում են կրկնակի հոսքով զուգարաններ, որոնցում ջուր չի օգտագործվում: Իսկ խոհանոցներում տեղադրված թույլ հոսքով ծորակներն օգնում են ջուր խնայել: Շենքի ընդհանուր մակերեսը 6,500 քառակուսի մետր է: Համալիրի տանիքը ամբողջությամբ պատված է արևային մարտկոցներով` բաղկացած 540 վատտ հզորությամբ 3000 արևային պանելից, որոնք արտադրում են թանգարանին անհրաժեշտ էլեկտրաէներգիայի մոտ հիսուն տոկոսը: Շենքի պատուհանները նախատեսված են այնպես, որ բնական լույսն առավելագույնս ներս թափանցի, ինչի շնորհիվ նույնպես հնարավոր դարձավ բավականին հոսանք խնայել:
Հոդվածը Աստղիկ Աթաբեկյանի, www.building.am
Լուսանկարները՝ www.positive-magazine.com