Վահանավանք, Սյունիքի Մարզ, Հայաստան

Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Հայաստան

Վահանավանք վանքային համալիրը գտվում է Սյունիքի մարզի Կապան քաղաքի մոտակայքում: Համաձայն Ստեփանոս Օրբելյանի վկայությանը, վանքի հիմնադիրն է Սյունիքի իշխան Ձագիկի որդի Վահանը, որի անունն էլ կրում է վանքը: Առաջինը 911թ. կառուցվել է Սուրբ Գրիգոր եկեղեցին: Այն խաչաձև հատակագծով կենտրոնագմբեթ շինություն է, կառուցված տեղական կարմրավուն բազալտից: Եկեղեցին երկու մուտք ունի` արևմուտքից և հարավից:

Վահանի մահից հետո (թաղվել է վանքի պատերի տակ) նրա եղբորորդի Վահանը կառուցեց գավիթը, սեղանատունը և սյունասրահը (Xդ.): Գավիթը, որը սահմանակցում է եկեղեցուն արևմուտքից, ուղղանկյուն հատակագծով կառույց է: Ներսի քիվերը զարդարված են բուսական և երկրաչափական նախշերով: Գավիթի կտուրը հենվում էր ժայռաբեկորներից կերտած երեք կամարների վրա: Երկրաշարժի ժամանակ քանդվել է միջին կամարը, ինչի հետևանքով կառույցը հայտնվել է կիսավեր վիճակում:

1086թ. Սյունյաց Շահանդուխտ թագուհու ու իր քույր Կատայի նախաձեռնությամբ գլխավոր եկեղեցուց ոչ հեռու սրբատաշ կարմրավուն բազալտից կառուցվել է Սուրբ Աստվածածին դամբարան-եկեղեցին: Այն երկհարկ թաղածածկ, փոքր, միանավ եկեղեցի է, իսկ հյուսիսից և արևելքից ունի սյունազարդ պատշգամբ:

Սյունասրահը ձգվում է եկեղեցու և գավիթի ամբողջ երկայնությամբ: Նրա հատակը ամբողջությամբ ծածկված է տապանաքարերով, որոնք թվագրվում են X-XIդդ.: Այստեղ են թաղված Սյունիքի և Աղվանքի թագավորները, իշխանները և բարձրաստիճան հոգևորականները:

Ըստ վիմագրական տեղեկության վանքի տարածքում եղել են ևս երկու եկեղեցիներ` Ս. Հարություն և Ս. Սիոն, որոնց տեղադրությունը դեռևս պարզված չէ:

1966թ. Վահանավանք վանքային համալիրի տարածքը պեղվեց: 1969թ. սկսվեցին վերականգնման աշխատաքները հայ ճարտարապետ Արթուր Մեսչյանի գլխավորությամբ: 1978թ. վանքի եկեղեցիներից մեկի վերակառուցման աշխատանքներով զբաղվում էր Ալեքսանդր Թամանյանի որդի, Յուլի Թամանյանը: Այնուհետև 2006-2009 թթ. իրականացված վերականգնման աշխատանքների արդյունքում ամբողջովին վերականգնվել են Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին և նրան կից գավիթը: Սյունասրահը մասնակիորեն է վերականգնվել:

Հոդվածը Նատալիա Ղուկասյանի, www.building.am

Լուսանկարները՝ www.armenia-hayastan.com


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ