Կանաչ Շինությունների Խորհրդի Գրասենյակ, ԱՄՆ
Ի՞նչ է LEED ՀավաստագրումըԿանաչ Շինությունների Խորհրդի Գլխավոր Գրասենյակ, Վաշինգտոն, ԱՄՆ
1993 թվականին հիմնադրված Միացյալ Նահանգների Կանաչ շինությունների խորհուրդը (USGBC - United States Green Building Council) հասարակական կազմակերպություն է, որը խրախուսում և աջակցում է կայուն, շրջակա միջավայրի պաշտպանության համար պատասխանատու կանաչ շինությունների շինարարությանը ԱՄՆ-ում և նրա սահմաններից դուրս: Հիմնադրումից հինգ տարի անց` 1998 թվականին, Միացյալ Նահանգների Կանաչ շինությունների խորհուրդը ստեղծեց կանաչ շենքերի գնահատման LEED յուրահատուկ համակարգը: Կազմակերպության գլխավոր գրասենյակը, որը նախագծվել է «Փերքինս+Ուիլլ» (Perkins+Will) ճարտարապետական ընկերության կողմից, գտնվում է Վաշինգտոնի կենտրոնում` Դյուպոն Սըրքըլում (Dupont Circle), և բավարարում է ժամանակակից կայուն միջավայրի բոլոր պահանջները. այդ է պատճառը, որ շենքն արժանացել է LEED Պլատինե հավաստագրման Կոմերցիոն ինտերիերներ անվանակարգում: Շենքի գլխավոր կապալառուի դերում հանդես է եկել «Ջեյմս Ջի.Դեյվիս Քընսթրաքշըն» կորպորացիան (James G.Davis Construction Corporation): Հատակների ընդհանուր մակերեսը 2043 քառակուսի մետր է: Նախագիծն ավարտին է հասել 2009 թվականի մարտին: Կրկնակի հոսքով զուգարաններն ու առանց ջրի աշխատող միզարաններն օգնում են 40%-ով կրճատել ջրի ծախսերը: Շինության նախագիծը` բացվող պատուհաններով, հնարավորություն է տալիս, որպեսզի արևի լույսը ներթափանցի շենքի տարածքի 93%-ը: Ածխածնի երկօքսիդի արտանետումները մշտապես վերահսկվում են մոնիտորների միջոցով: Շինանյութի 21%-ը բաղկացած է վերամշակված նյութերից: Շենքի էկոլոգիապես մաքուր մյուս բնորոշ գծերն են ցածր ցնդող օրգանական բաղադրիչներ պարունակող նյութերը, կանաչ տանիքը, ուսումնական միջավայրը և այլն:
Հոդվածը Աստղիկ Աթաբեկյանի, www.building.am