Տրուլլո, Չիստերնինո, Իտալիա
Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի ԻտալիաՏրուլլոն (հուն. τρούλος, գմբեթ) ավանդական շինություն է, որը տարածված է Հարավային Իտալիայում, Ապուլիա շրջանում: Հնագույն պահպանված տրուլլոները կառուցվել են XVI դարում Մուրջա սարահարթի շրջանում: Տրուլլոների առաջացման պատմությունը սերտորեն կապված է XVII դարում Ապուլիայում քաղաքական ու տնտեսական վիճակի հետ: Այդ ժամանակ շրջանում բնակելի տներ կառուցելը կապված էր շատ մեծ ծախսերի ու նաև դժվարությունների հետ: Արդյունքում կոմս Ակվավիվան հրաման արձակեց, որպեսզի շրջանի բնակիչները կառուցեն տներ, որոնք անհրաժեշտության դեպքում հնարավոր է արագ քանդել: Տրուլլոն կառուցվում է կրաքարի աղյուսներից առանց որևէ այլ նյութերի կիրառման: Դա տալիս էր հնարավորություն ճիշտ պահին դուրս հանել հիմնաքարը, որպեսզի ամբողջ շինությունն արագորեն քանդվի: Ու երբ պետական պաշտոնյան գալիս էր ստուգումների, նա տեսնում էր միայն մեծ քարակույտ:
Տրուլլոն տիպիկ գյուղական շինություն է: Ինչպես արդեն նշվել է, նրա կառուցման համար չէր օգտագործվում որևէ կպչուն նյութ, որը և հնարավորություն չէր տալիս մեծ պատուհաններ ունենալ: Դռնից բացի միակ բաց մասը փոքրիկ պատուհանն էր: Այսինքն տան օդափոխման մեխանիզմը շատ վատ էր աշխատում: Բացի այդ հիմնական արտաքին գմբեթի տակ կառուցվում էր նաև երկրորդը, իսկ դրանց միջև դատարկ տարածությունը լցվում էր կրաքարով: Ավանդաբար տրուլլոյի յուրաքանչյուր գմբեթի տակ պետք է լինի մեկ սենյակ: Ի սկզբանե տրուլլո էին կոչվում միայն գմբեթաձև մասն ունեցող շենքերը, սակայն ժամանակի ընթացքում շենքի ձևը փոխվեց, ու պատեր «աճեցին»:
Տրուլլոյի ներսը հիշեցնում է հարմարավետ ամառանոց, որտեղ կարելի է անցկացնել ամառային հանգիստը: Բայց շատ դժվար է պատկերացնել, թե ինչպես կարելի է ապրել այս տանն ամբողջ տարի: Լոգարանը գտնվում է բակում, լույսի միակ աղբյուրը փոքր պատուհանն է: Չնայած վերջին խնդիրը միջնադարյան իտալացիները լուծել են պատի վրա մեծ հայելի փակցնելով: Տարածքի պակասը տան բնակիչները լրացնում էին պատի մեջի խուցերի միջոցով, որոնք հարմար էին երեխաներին քնեցնելու կամ պահեստների համար:
Այսօր որոշ իտալացիներ շարունակում են ապրել տրուլլոներում: Սակայն սա բացառություն է, այլ ոչ թե կանոն. պայմաններն այնտեղ չափազանց անհարմարավետ են ժամանակակից մարդու համար: Հիմնականում այս տնակների տերերը եկամտաբեր բիզնես են հիմնում ցուցադրելով իրենց ապրելակերպը՝ զբոսաշրջիկների համար էքսկուրսիաներ կազմակերպելով:
Հոդվածը Սոնա Գասպարյանի, www.building.am
Լուսանկարները՝ Սոնա Գասպարյանի