Տոռե Գալատեյա, Ֆիգերաս, Կատալոնիա,Իսպանիա
Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Իսպանիա Մի՞թե կարելի է աննկատ թողնել մի շինություն, որն աչքի է ընկնում ոչ միայն իր ճարտարապետական հնարքներով, այլև իր խորհրդավոր պատմությամբ: Սա այն շինություններից մեկն է, որն անքակտելիորեն կապում է ճարտարապետությունը կերպարվեստի հետ: Այս շենքը Ֆիգերասի քաղաքային թատրոնն է եղել՝ կառուցված 1849-50թթ.-ին, իսկ 1939թ.-ին Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ այն հրդեհվել է:
Ֆիգերասը գտնվում է Պիրենեյների ստորոտներում՝ Ֆրանսիայի սահմանից 25 կմ հեռավորության վրա, Կատալոնիայում: Հայտնի սյուրրեալիստ Սալվադոր Դալին իրագործում է իր վաղեմի երազանքը՝ զետեղելով արվեստի իր բացառիկ նմուշները իր իսկ ծննդավայրի Հին թատրոնի շենքում: Թանգարանի պաշտոնական բացումը տեղի է ունեցել 1974թ.-ին: Հատկանշական է, որ թատրոնը վերանվանվում է Տոռե Գալատեյա ՝ ի հիշատակ Դալիի վաղամեռ կնոջ՝ Գալաի անունով: Կառույցի ամենագրավիչ մասը՝ թափանցիկ, ցանցային կառուցվածքով գեոդեզիական գմբեթը` աչքի ընկնող ճարտարապետության մի մասն է, որն այսօր հանդիսանում է թե՛ թատրոնի, և թե՛ Ֆիգերասի խորհրդանիշը: Տոռե Գալատեյան կամ Դալիի Թատրոն-Թանգարանը, որի ճարտարապետն է Էմիլիո Պերես Պիներոն, բոլորի ուշադրությունն է գրավում ալ կարմիր պատերի երկայքով տեղակայված հսկա սպիտակ ձվերի շարանով: Մեծ արվեստագետ Սալվադոր Դալիի մարմինն իր իսկ ցանկությամբ հանգչում է գլխավոր ցուցասրահում, հատակի տակ, որպեսզի մարդկային շփումն ընդմիշտ մնա վարպետի հետ:
Հոդվածը Լիլիթ Խալաթյանի, www.building.am