Թիանզի Հյուրանոց, Լանգֆանգ, Չինաստան

Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Չինաստան

Ահա՛ երեք չինական էպիկական հսկաներ, որոնք հպարտորեն կանգնած են ձեր առջև: Այս երեք հսկաների տեսքով տասը հարկանի շենքը ոչ այլ ինչ է, քան Թիանզի Հյուրանոցը (Tianzi Hotel)՝ կառուցված 2000թ-ին Չինաստանի Հեբեի նահանգի Լանգֆանգ քաղաքում՝ Պեկինի և Տյանցզինի միջև: Երեք հսկա արձան-շենքերը, պատկերում են չինական հեքիաթային երեք հերոսների, որոնց անուններն են Ֆու, Լու և Շոու: Ֆուն՝ կենտրոնական արձանը՝ բերում է երջանկություն (Fu, 福), Լուն՝ աջ արձանը՝ բարգավաճում (Lu, 禄), իսկ Շոուն՝ ձախ արձանը երկարակեցության գրավականն է (Shou, 寿): Հատկանշական է, որ անմիջապես շինարարության ավարտից հետո այս եզակի զվարճալի հյուրանոցը ներառվեց Գինեսի գրքում՝ որպես «աշխարհի ամենամեծ շենք-քանդակ»:

Թեմատիկ հյուրանոցի բարձրությունը 41.6մ է: Երկնային Որդու Տուն, Կայսերական հյուրանոց, Թիանզի հյուրանոց, Երեք Հսկաների հյուրանոց. բոլոր անվանումները պատկանում են ճարտարապետության այս հրաշալիքին: Եթե Դուք ուշադիր նայեք, ապա կնկատեք ձախ հերոսի ձեռքի «դեղձը». այն ավելին է, քան պարզապես միրգ՝ իրենից ներկայացնելով հյուրանոցային լյուքս համար: Սենյակների բոլոր պատուհանները կարծես թե թաքնված լինեն զգեստների նախշերի մեջ: Հյուրանոցն ունի երկու մուտք՝ աջից ու ձախից:

Եթե հանկարծ ձեզ բախտ վիճակվի լինել Լանգֆանգ քաղաքում, մի հապաղեք այցելել Հսկաների հյուրանոցը և վերցնել ձեզ հասանելիք երջանկությունը, բարգավաճումն ու երկարակեցությունը:

Հոդվածը Լիլիթ Խալաթյանի, www.building.am


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ