Տուն-Զուգարանակոնք, Սուվոն, Հարավային Կորեա

Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Հարավային Կորեա

Համաշխարհային ճարտարապետական կառույցները չեն դադարում մեզ զարմացնել, իսկ այս արտասովոր կառույցի միտքը կարող էր ծագել միայն պրն. Սիմ Ջե-Դուկի գլխում, ով 2007-ին յուրովի վերափոխեց իր տունը, ուր անցկացրել էր իր կյանքի 30 երկարուձիգ տարիները՝ «Զուգարանակոնքի»: Նա եղել է Սանհանգույցների համաշխարհային միության հիմնադիրը և որպեսզի առավել առաջ տանի զուգարանների մաքրության գաղափարախոսությունը, կառուցել է այս երկհարկանի տունը: Այս քայլով նա անգամ նոր մականուն ձեռք բերեց՝ պարոն Զուգարան: Պարոն Սիմի ստեղծած միության հիմնական նպատակն է հետևել հասարակական սանհանգույցների մաքրության միջազգային ստանդարտներին և դիտարկել դրանք որպես «սրբավայրեր», որոնք փրկում են մարդկանց կյանքը: Սիմի տվյալներով, հասարակական սանհանգույցների անմխիթարելի վիճակը պատճառ է հանդիսանում տարեկան 2 միլլիոն մարդկային կյանքի կորստի:

Զուգարանակոնքի ձևով այս տունը գտնվում է Սուվոնում՝ Սեուլից 40 կմ դեպի հարավ: Ի դեպ, այն կոչված է Haewoojae («Հեուջե»), որը թարգմանաբար նշանակում է «ապահով ապաստարան (սրբավայր), ուր մարդիկ կարող են լուծել իրենց խնդիրները»: Կլոր եզրագծերով այս տունը կառուցված է սպիտակ բետոնից, պողպատյա կառուցվածքներից և ապակուց, իսկ վերևում ունի խորհրդանշական փոս, որը և նմանեցնում է այն զուգարանակոնքի: Երկհարկանի տունն ունի երկու ննջասենյակ, երկու հյուրասենյակ, ինչպես նաև երեք շքեղ սանհանգույցներ:

Զարմանալին այն է, որ պրն. Սիմ Ջե-Դուկը ծնվել է զուգարանում (նրա մայրը հավատում էր, որ զուգարաններում ծնվածները վայելում են երկար և երջանիկ կյանք) և 2009-ին նույնպես մահանում է իր կառուցված «զուգարանում»: Նրա մահից հետո, համաձայն իր կտակի, զուգարան-տունը հանձնվում է Սուվոնի քաղաքապետարանին և վերածվում թանգարանի: Այստեղ դուք կարող եք գտնել կենսագրական փաստեր պարոն Զուգարանի և տան կառուցվածքի մասին (մանրամասն տեղեկություններ, տեխնիկական բնութագրեր, ստեղծման պատմությունը), ինչպես նաև Սանհանգույցների համաշխարհային միության ստեղծման պատմության և զարգացման մանրամասնություններ:

Հոդվածը Լիլիթ Խալաթյանի, www.building.am

Լուսանկարները՝ www.koreabridge.net


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ