Յուպիտերի Տաճար, Բաալբեկ, Լիբանան
Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի ԼիբանանԲաալբեկը (Baalbek) տարածվում է Անտիլիբանանի սարերի ստորոտում գտնվող Բեկաա հովտում: Ենթադրվում է, որ այն ժամանակին համարվել է աշխարհի ամենասուրբ վայրերից մեկը: Այսօր, բազմաթիվ պատերազմների և երկրաշարժերի հետևանքով այն վերածվել է ավերակների և մատնվել մոռացության: Տարածքի բնակեցման պատմության մասին տեղեկություններ չկան մինչ Ք.ա. 332 թվականը, երբ Սիրիան գրավվեց Ալեքսանդր Մակեդոնացու կողմից:
Բաալբեկ նշանակում է «Բեկաայի բաալ» (տեր): Բաալ արևի աստվածությունը նույնացվում է հայկական Հայկի հակառակորդ՝ Բելի հետ: Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքից հետո բնակավայրը կոչվել է Հելիոպոլիս` արևի քաղաք, իսկ տեղական աստվածները նույնացվել են հունական, իսկ հետագայում հռոմեական աստվածների հետ: Բաալբեկի տաճարային համալիրը բաղկացած է` Յուպիտերի, Մերկուրիի, Բաքոսի ու Վեներայի (Jupiter, Mercury, Bacchus and Venus) պաշտամունքներին նվիրված տաճարներից: Դիցաբանությունն այս տաճարը վերագրում է մինչ ջրհեղեղյան ժամանակաշրջանին, քանի որ մի արաբական ձեռագրում , որը գտնվել է Բաալբեկում, ասվում է, որ պատմական տիրակալ Նիմրոդը ուղարկել է հսկաների, որպեսզի վերականգնեն տաճարը ջրհեղեղից: Անմարդկային չափսերի հասնող կառուցվածքներով, հզոր և միևնույն ժամանակ հիացմունք առաջացնող տաճարն առաջին հերթին աչքի է ընկնում վիթխարի պատվանդանով, սյուներով` որոնք երևում են մի քանի կիլոմետր հեռավորությունից, և հսկայական միասնական սալերից կերտված աստիճաններով: Յուպիտերի տաճարն իրենից ներկայացնում է 90մ երկարությամբ և 50 մ լայնությամբ ուղղանկյուն հատակագծով կառույց: Այն կանգնած է եղել 54 հատ, 2,5մ տրամագծով և 20մ բարձրությամբ, կորնթական սյուների վրա, որոնցից այսօր կանգուն են մնացել միայն 6-ը՝: Հարավ-արևելյան կողմում պատվանդանը բաղկացած է 9 շարք քարե միաձույլ բլոկերից, յուրաքանչյուրը`11x4,6x3,3մ չափի, որոնք կշռում են 300տ: Նույն հարթության վրա հարավ-արևմտյան կողմում գտնվում են ևս 6 հատ՝ 300տ կշռով քարեր, իսկ նրանց վերևում դրված են 3 վիթխարի մեգալիթյան բլոկներ (Տրիլիտոն): Այս հսկայական քարերից յուրաքանչյուրն ունի միջինը 21,3մ երկարություն, 4,8մ բարձրություն, 4մ լայնություն և կշռում են մոտ 800տ: Նրանք միացված են այնքան ճշգրիտ, որ ճեղքերով անգամ ասեղ չի անցնում: Ենթադրվում է, որ տաճարի հիմքը չի ավարտվել, և դրա մասին վկայում է 1000տ կշռով «Հարավային քար» անունը կրող քարե տաշված հսկայական բեկորը, որը գտնվում է տեղանքից փոքր ինչ հեռու քարհանքում: «Հարավային քարը» համարվում է աշխարհի ամենամեծ մշակված քարը և անգամ ժամանակակից տեխնիկայի օգնությամբ գրեթե անհնար է այն տեղաշարժել: Յուպիտերի տաճարի ներքևում գտնվող կատակոմբների մի մասը օգտագործվում է որպես տաճարի թանգարան:
Բաալբեկը գրանցված է UNESCO–ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում:
Հոդվածը Ռուզաննա Մկրտչյանի, www.biulding.am
Photos: www.lah.ru