Թեյշեբաինի (Կարմիր բլուր), Երևան, Հայաստան
Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի ՀայաստանԿարմիր բլուրը գտնվում է Երևան քաղաքի հարավ-արևմտյան մասում, Հրազդան (հնում Իլդարունի) գետի ձախ ափին: Այստեղ է գտնվում ուրարտական Թեյշեբաինի բերդաքաղաքը: Բլուրը կոչվեց «կարմիր» կարմրավուն կավահողի պատճառով: Կավահողը դարձավ կարմիր, երբ բերդաքաղաքը հրկիզվեց: Շինությունների վերևի պատերը կառուցված էին տուֆից, որոնք տաքացել են հրդեհի ժամանակ, փշրվել և խառնվել հողի հետ, դարձնելով այն կարմիր:
Թեյշեբաինի բերդաքաղաքը կառուցել է Ուրարտուի թագավոր Ռուսա Բ-ն (մ.թ.ա 685-645), Արգիշտի Բ թագավորի որդին` թագավորության հյուսիս-արևելյան սահմանները կիմմերական և սկյութական ցեղերից պաշտպանելու համար: Նոր վարչատնտեսական ու ռազմական կենտրոնը կրում էր ուրարտական ռազմի և տարերքի (ամպրոպի) աստված Թեյշեբայի անունը: Բերդաքաղաքը բարենպաստ ռազմավարական դիրք ուներ, ինչի պատճառով Ռուսա Բ-ն Էրեբունի ամրոցի ողջ հարստությունը տեղափոխել է այստեղ (Էրեբունին հիմնել է մ.թ.ա 782 Արգիշտի Ա թագավորը):
1936 թ. երկրաբան Դեմեխինը այս տարածքում պատահաբար հայտնաբերեց քարի բեկոր սեպագիր արձանագրությունով, որի մեջ նշված էր Ռուսայի Բ-ի` Արգիշտի Բ-ի որդու (Արգիշտի-խինի) անունը: 1939թ. սկսած Կարմիր Բլուրի տարածքում տարվում էին կանոնավոր լայնածավալ պեղումներ և հնագիտական հետազոտություններ` ՀԽՍՀ Գիտությունների Ակադեմիայի, ԽՍՀՄ ԳԱ նյութական մշակույթի պատմության Ինստիտուտի և Պետական Էրմիտաժի մասնակցությամբ:
Պեղումների ժամանակ հայտնաբերվել են մինչուրարտական` էնեոլիթի և վաղ բրոնզե ժամանակաշրջանի (XVIII-VIII մ.թ.ա.) բնակավայրերի ավերակներ: Պեղումների ժամանակ հայտնաբերվել էին հնագույն կացարաններ քարե մարդակերպ կուռքերով: Մինչուրարտական բնակավայրերը ամենայն հավանությամբ ոչնչացվել են Արգիշտի Ա արքայի օրոք, Ուրարտական թագավորության Անդրկովկաս տարածման ժամանակ:
Հնագետները մանրազնին ուսումնասիրել են հզոր պարսպապատով շրջապատված Տեյշեբաինի քաղաք-ամրոցի երկհարկանի միջնաբերդը: Առաջին հարկում էին գտնվում տարբեր արհեստանոցներ, գինու մառաններ, մթերքների պահեստներ, ձեթ և գարեջուր պատրաստելու արհեստանոցներ և այլն: Երկրորդ հարկում գտնվում էին փոխարքայի, քրմերի, զորավարների և այլ բարձրաստիճան ծառայողների պալատները և սենյակնրեը: Հյուրասենյակների պատերը զարդարված էին որմնանկարներով:
Տեյշեբաինի բերդաքաղաքում զարգացած էր հողագործությունը, ինչի կապակցությամբ այստեղ կառուցվել էր ոռոգման համակարգ. 26 դար առաջ կառուցված համակարգը մինչև այժմ գործում է: Բերդաքաղաքի պեղումների ժամանակ հայտնաբերվել է հեթանոսական տաճարի գետնախարիսխի խոշոր քարերը, որոնց վրա պահպանված արձանագրությունները վկայում էին, որ տաճարը կառուցել է Արգիշտի Բ-ի որդին, Ռուսա Բ-ն: Մի այլ արձանագրություն թվարկում է Ուրարտուի աստվածներին զոհաբերություններ կատարելու կարգը:
Բլուրի զառիվայր լանջերին կպած ամրոցի հյուսիսային և արևելյան պատերը սանդղավոր էին, պսակված բազմաթիվ փոքր աշտարակներով: Ամրոցը ուներ երկու մուտք. գլխավոր մուտքը գտնվում էր հարավային մասում: Այն լավ ամրացված դարպասներ էին երկու խոշոր աշտարակներով և ներքին սենյակներով: Երկրորդ մուտքը գտնվում էր հյուսիս-արևմտյան անկյունում: Պատերը շարված էին խոշոր հում աղյուսներով: Պատերի վերևի մասը պսակում էին տաշված քարե քիվեր: Սենյակները երկար (30մ) ու բարձր էին (10մ), հատակը` հիմնականում հողաշեն: Պատուհանները վերևի մասում էին, ծածկի ներքևի մասում: Ամրոցի սենյակները գտնվում էին տարբեր մակարդակների վրա, ինչը պայմանավորված էր նրանով, որ շենքը կառուցված էր բլուրի սանդղավոր լանջին: Ամրոցը նույնպես սանդղավոր էր, նրա կենտրոնական մասը եզրայիններից բարձր էր, իսկ նրա սենյակները իրար հետ հաղորդակցվում էին փայտե կամ աղյուսե սանդուղքներով:
Պեղումների ժամանակ հայտնաբերվել էին հնագիտական ժառանգության համար կարևորագույն նշանակություն ունեցող գտածոներ. Խորհրդանիշերով և առասպելական կենդանիներով պատկերազարդված զենքեր, ոսկորից, կավից, քարից և տարբեր մետաղներից պատրաստված կենցաղային ու պաշտամունքային իրեր, զանազան զարդեր, գործիքներ և կենցաղային իրեր, ինչպես նաև այրված-ածխացած հացահատիկի, տարբեբ մրգատեսակների և գունազարդ գործվածքի մնացորդներ, ինչը վկայում է այն մասին, որ Ուրարտու թագավորությունում զարգացած էր տնտեսությունը, արվեստը և արհեստը: Մեծ պատմական և գեղարվեստական արժեք ունեն ուրարտական թագավորների անձնական իրերը, այդ թվում նաև Արգիշտի թագավորի բրոնզե սաղավարտը, զարդարված աստվածների պատկերներով:
Տեյշեբաինի բերդաքաղաքը մինչև Ուրարտու թագավորության անկման վերջին օրերը Անդրկովկասում ուրարտական իշխանության պատվարն էր: Այն կործանվել է մ.թ.ա VI դ. սկյութների և բնիկ ցեղերի հարձակումների ժամանակ, որոնք հրի են մատնել բերդաքաղաքը:
Հոդվածը Նատալիա Ղուկասյանի, www.building.am
Լուսանկարները՝ www.ru.wikipedia.org