Թեյնիկ-Լցակայան, Զիլլահ, ԱՄՆ

Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Ամերիկայի Միացյալ Նահանգներ

Կարո՞ղ եք պատկերացնել իմ զարմանքը, երբ ես պարզեցի, որ սա ոչ այլ ինչ է, քան պարզապես լցակայան: Իսկ ես մտովի պատկերացնում էի այն որպես խոհանոցի սպասքի խանութ: Թեյնիկանմնան կառուցվածքով այս շենքը համարվում է ճարտարապետական նորարարության վառ օրինակներից մեկը և գտնվում է Վաշինգտոն նահանգի Զիլլահ փոքրիկ քաղաքում: Լցակայանի լրիվ անվանումը կարելի է թարգմանել այսպես՝ «Սպասարկման կենտրոն գմբեթով թեյնիկ» (The Teapot Dome Service Center): Այն 1985-ից ընդգրկված է ԱՄՆ-ի պատմական վայրերի ազգային մատյանում: Այսպիսի անսովոր կառույցներ շատ են կառուցվել և հատկապես մեծ տարածում գտել 1920-1930 թվականներին՝ ԱՄՆ-ի ազգային մայրուղիների ընդարձակմանը զուգահեռ, ճանապարհորդ-հաճախորդներին գրավելու նպատակով: Թեյնիկ-լցակայանը ձեռակերտ հուշարձան է՝ կառուցված 1922-ին Ջեք Էյնսուորթի կողմից: Նա ոգեշնչված էր հանրահայտ «The Teapot Dome» քաղաքական կոռուպցիոն սկանդալով, որում ներգրավված էր նաև ԱՄՆ նախագահ Ուորեն Հարդինգը: 1920-ական թվականներին` Հարդինգի կառավարման տարիներին, Ներքին գործերի նախարար ( կառավարում է ֆեդերալ հողերը) Ալբերտ Ֆոլի դեմ մեղադրանք էր առաջադրվել կոռուպցիայի կասկածով` դաշնային հսկողության տակ գտնվող մի շարք նավթահանքեր՝ այդ թվում «The Teapot Dome»-ը անհամեմատ ցածր գներով վարձակալության հանձնելու համար: Նախարարի դեմ մեղադրանքը հաստատվեց և նա հայտնվեց բանտում, իսկ Հարդինգի հասարակական համբավը լրիվ վախճանվեց:

Շենքը շրջանակաձև է և ունի կոնաձև տանիք – գմբեթ, մետաղյա թիթեղից բռնակ և բետոնե քիթ: 1978 թ.-ին անսովոր հուշարձանն ավտովթարի զոհ դարձավ և դադարեց գործել որոշ ժամանակ: Բարեբախտաբար, շենքը վերանորոգվեց, իսկ հետո Տրանսպորտի պետական դեպարտամենտի միջոցով տեղափոխվեց իր գտնվելու վայրից մոտ 2 կմ հեռու: 2007 թ-ին Զիլլահ քաղաքը գնեց կայանն ու հետո սկսեց միջոցներ հայթայթել այն շահագործելու համար: Քաղաքի իշխանությունները ենթադրում են, որ Թեյնիկ-լցակայանի տեղադրումը հասարակության համար մատչելի և տեսանելի վայրում, բարենպաստ կլինի թե' Թեյնիկի, և թե' քաղաքում զբոսաշրջիկության զարգացման համար: Նրանք մտադիր են այն կանգնեցնել քաղաքի կենտրոնում և դարձնել Զիլլահի հիմնական տեսարժան վայրը: Հաճախորդները կկարողանան ծանոթանալ նրա ստեղծման պատմությանը, ինչպես նաև հիանալ Հարդինգյան սկանդալի 90-ամյա իրական ապացույցով:

Հոդվածը Լիլիթ Խալաթյանի, www.building.am


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ