Սվետա Նեդելյա, Սոֆիա, Բուլղարիա
Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի ԲուլղարիաՍվետա Նեդելյա (Բուլղ. Света Неделя= Սուրբ Կիրակի) Սոֆիայի մայր տաճարը կոչվել է ի պատիվ սուրբ նահատակ, ճգնավոր Կիրիակիին (Սուրբ Կիրակի) Նիկոմեդիաից: Մինչ 1925 թվականի ահաբեկչությունը եկեղեցին 35.5 մետր էր լայնությամբ և 19 մ երկարությամբ: Ժամանակակից կառույցը նույնպես բավականին մեծ է `30 մետր երկարությամբ և 15.5 լայնությամբ: Ամենաբարձր գմբեթի բարձրությունը հասնում է 31 մետրի:
Տաճարի նախկին պատմությունը ստույգ հայտնի չի, սակայն ըստ որոշ աղբյուրների այն կառուցվել է X դ.: Սկզբնական եկեղեցին փայտից էր, քարե հիմքի վրա: Շինությունը շարունակում էր մնալ փայտե մինչև XIX դարի կեսը: XVIII դարում տաճար բերվեցին Սերբիայի թագավոր Ստեֆան II մասունքները, և եկեղեցին երկար ժամանակ կրեց Սուրբ Թագավոր անունը:
1856թ-ի ապրիլի 25-ի ուժեղ հրդեհը եկեղեցուն մեծ վնասներ հասցրեց: Կիսավեր շենքը դատապարտված էր քանդվելու, և նրա տեղում որոշվեց կառուցել ավելի շքեղ քարե տաճար: Շինարարական աշխատանքները դեռ շարունակվում էին, երբ 1858 թ-ին տեղի ունեցած երկրաշարժը դարձյալ բավականին վնասեց կառույցը: Վերակառուցված տաճարը պատրաստ էր 1863թ-ին և օծվեց 4 տարի անց: Օծման արարողությունը տեղի ունեցավ 1867 թ.-ի մայիսի 11-ին 20 000 մարդկանց ներկայությամբ:
1925թ-ի ապրիլի 16 - ին, դրանից երկու օր առաջ սպանված գեներալ Կոնստանտին Գեորգիևի հուղարկավորության ժամանակ, երբ եկեղեցում համախմբված էին Բուլղարիայի բոլոր քաղաքական և հոգևոր առաջնորդները, տեղի ունեցավ անկանխատեսելին: Բուլղարիայի կոմունիստական կուսակցության ձախակողմյան թևի ռազմական մի կազմակերպություն պատրաստել էր ահաբեկչություն, որի նպատակն էր ոչնչացնել զինվորական և քաղաքական վերնախավը և ազատվել կայսր Բորիս III-ի ռեժիմից: Պայթյունի զոհ դարձան 134 մարդ և վիրավորվեցին 500-ը: Եկեղեցին կրկին մասամբ ավերվեց: Վերակառուցումից հետո՝ 1933թ-ին, Սվետա Նեդելյա տաճարը ձեռք բերեց իր արդի տեսքը:
Սրբապատկերները բուլղարացի մեծ նկարիչ Ստանիսլավ Դոսպևսկու աշխատանքն են:
Գեղարվեստական որմնանկարները կատարվել են մի խումբ նկարիչների կողմից` Նիկոլայ Ռոստովցեվի գլխավորությամբ`1971 - 1973 թթ:
Հետագայում վերանորոգվեց շենքի հատակը, իսկ 1992-1994թթ. ապակեպատվեց հյուսիսային սյունաշարքը:
2002 թ.-ին եկեղեցում տեղադրվեց հատուկ սարք, որը թույլ է տալիս ավտոմատ հնչեցնել 11 զանգերը (որոնցից 8-ը 1879թ.-ի իշխան Դոնդուկով-Կորսակովի ընծան են տաճարին, երկուսը պատրաստված են Սերբիայում, իսկ մեկը Բուլղարիայում):
Տաճարը հանդիսանում է Սոֆիայի ամենագեղեցիկ ճարտարապետական կոթողներից մեկը:
Հոդվածը և լուսանկարները Լիլիթ Վանեսյանի , www.building.am

Դիրքը Քարտեզի Վրա