Սուրբ Ստեփանոս եկեղեցի, Տող
Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի ՀայաստանՍուրբ Ստեփանոս եկեղեցին գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի Տող գյուղի հարավ-արևմտյան մասում, ընդարձակ գերեզմանոցի մոտակայքում: Համաձայն մուտքի տիմպանի (ճակատամասի) արձանագրությանը, եկեղեցին 1747թ. վերանորոգել են մելիք Եգանը և նրա որդի մելիք Եսային:
Սուրբ Ստեփանոս եկեղեցին կառուցվել է ավելի վաղ` միջնադարյան մայր տաճարի տեղը, որն իր հերթին, պատմիչների կարծիքով, կառուցվել է հեթանոսական տաճարի հիմքերի վրա: Միջնադարյան եկեղեցու գոյության մասին վկայում են ապսիդի քարի շարվածքի տակ երևացող գմբեթավոր եկեղեցու պատերի հիմքերը: Բացի այդ հին կառույցի հետքերը կարելի է տեսնել եկեղեցու հարավային պատի տակ:
Սուրբ Ստեփանոս եկեղեցին ուղղանկյուն կամարակապ դահլիճ է: Ավանդատները գտնվում են արևելյան մասում: Պատերը կառուցված են կոպտատաշ քարերից, որոնք մնացել են քանդված եկեղեցուց: Արտասովոր ձև ունեցող քանդակազարդ սյունը դահլիճը բաժանում է երկու անհավասար մասերի (հյուսիսային մասն ավելի նեղ է): Նեղ մասում բազմաթիվ գերեզմանաքարեր կան: Խաչքարերի յուրահատուկ հավաքածու (51 հատ) տեղադրված է եկեղեցու պատերի մեջ: Այստեղ կան ինչպես արխաիկ հավասարաթև խաչեր, այնպես էլ XVIII դարի դասական հորինվածքներ:
Եկեղեցու տարածքը ծածկված է գերեզմանաքարերով, որոնք քարի վրա փորագրման միջնադարյան արվեստի վառ օրինակներից են: Այստեղ պատկերված են շքեղ խնջույքի պատկերներ, հեծյալներ, զինվորներ, երաժիշտներ և որսկաններ. ամենայն հավանականությամբ թեմատիկորեն կապված հանգուցյալների կյանքի հետ:
Հոդվածը Նատալիա Ղուկասյանի, www.building.am