Սուրբ Սարգիս Եկեղեցի, Մաստարա, Հայաստան
Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի ՀայաստանՍուրբ Սարգիս եկեղեցին (որոշ աղբյուրներում հիշատակվում է որպես Սուրբ Աստվածածին) գտնվում է Արագածոտնի մարզի Մաստարա գյուղից ոչ հեռու, վաղ միջնադարյան Շենիկ գյուղատեղիի կենտրոնում, Զովասար տանող ճանապարհից 6 կմ հեռավորության վրա: Եկեղեցին կառուցվել է VII դարում: Այն պատկանում է փոքր խաչաձև գմբեթավոր հուշարձանների տիպին: Դուրս ցցված ուղղանկյուն ապսիդը տարբերում է եկեղեցին այդ ժամանակաշրջանի նմանատիպ կառույցներից:
1903 թ. եկեղեցին վերակառուցվեց իբրև եռանավ բազիլիկ: Հին կառույցից պահպանվել է միայն հյուսիսային պատի մի մասը և խորանի ապսիդը, որոնք նոր եկեղեցու մաս են դարձել: Պահպանվել է մի լուսանկար (XIX դարի վերջ), որտեղ պարզ երևում է, թե ինչ տեսք ուներ եկեղեցին անցյալում: Կառուցված սրբատաշ տուֆից եկեղեցին պսակված է եղել ութանիստ թմբուկ ունեցող գմբեթով: Միակ մուտքը արևմտյան կողմում էր: Ճակատամուտքը մշակված էր VII դարի բնորոշ, երկու կողմերում զույգ կիսասյունիկներով:
Այսօր եկեղեցին գտնվում է կիսավեր վիճակում: Արևելյան ճակատին պահպանվել են եռաշերտ քիվերը` պայտաձև կամարիկներով, սեղանաձև ատամիկներով և կիսագլաններով: Լուսամուտներն ունեն VII դ. բնորոշ քանդակազարդ երեսակալներ: Պատերի վրա պահպանվել են երկրաչափական զարդաքանդակներ և փորագրություններ: Ինչպես վկայում է արևելյան լուսամուտի կողքին փորագրված միացագիրը, եկեղեցու ճարտարապետի անունն Արգամ էր:
Հոդվածը Նատալիա Ղուկասյանի, www.building.am