Սուրբ Հովհաննես Եկեղեցի, Տող

Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Հայաստան

Սուրբ Հովհաննես եկեղեցին գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի Տող գյուղի կենտրոնում: Պատմաբան եպիսկոպոս Մակար Բարխուդարյանի կարծիքով, եկեղեցին կառուցվել XIII դարում: Ինչպես Հայաստանի մի շարք այլ եկեղեցիներ, Սուրբ Հովհաննես եկեղեցին կառուցված է հին հեթանոսական մեհյանի հիմքերի վրա: Դրա մասին վկայում են նախկին շինության հետքերը և առանձնապես ավանդատան դիմաց հատակի մակարդակից բարձր երևացող հաստ սյան խոշոր հիմքը:

Տեղանքը, որտեղ կառուցված է եկեղեցին, թեք է: Շինության արևմտյան պատը կիսով չափ միաձուլված է ժայռի հետ, մինչ դեռ արևելյան մասը լիովին բաց է: Եկեղեցու միակ մուտքը հարավից է: Եկեղեցին շրջապատված է քարե պարիսպով, որի հարավ-արևելյան մասը պսակված է կլոր աշտարակով:

Սուրբ Հովհաննես եկեղեցին ուղղանկյուն թաղածածկ դահլիճ է չորս մույթերով: 1736թ. մելիք Եգանը վերակառուցել է եկեղեցու ծածկը ի հիշատակ իր հոր` վարդապետ Ղուկասի:

Պատմական աղբյուրներում պահպանվել են տեղեկություններ այն մասին, որ եկեղեցու հարավ-արևմտյան պատին կից էր մատուռը, որը ծառայել է որպես Դիզակի Եգանյան մելիքների գերեզմանատուն: Մատուռ-դամբարանից և եկեղեցու գավթից միայն հիմքն է մնացել:

Եկեղեցու ներսում և շրջակայքում պահպանվել են բազմաթիվ կատարյալ մշակված տապանաքարեր գեղեցիկ զարդաքանդակներով:

Հոդվածը Նատալիա Ղուկասյանի, www.building.am

Լուսանկարները՝ www.shuv-petrosyan.livejournal.com


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ