Ս.Աստվածածին Եկեղեցի, Արենի, Հայաստան
Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի ՀայաստանՍուրբ Աստվածածին եկեղեցին գտնվում է ՀՀ Վայոց Ձոր մարզի Արենի գյուղից 0,5 կմ հեռու գտնվող մի բլրակի վրա` միջնադարյան Արփա բնակավայրի կենտրոնում: Համաձայն արևմտյան մուտքի վերևում պահպանված արձանագրությանը, կենտրոնագմբեթ եկեղեցին կառուցվել է 1321թ. հեթանոսական մեհյանի վրա Սյունյաց արքեպիսկոպոս Հովհաննես Օրբելյանի նախաձեռնությամբ: Եկեղեցու ճարտարապետն է Մոմիկը:
Եկեղեցին երկու մուտք ունի` արևմուտքից և հարավից, խորանի երկու կողմում ավանդատներ են: Գմբեթը հենվում է երկու առանձին կանգնած մույթերի վրա, ինչը բնորոշ չէ XIII-XIV դդ. հայկական ճարտարապետական հուշարձաններին: Այդ նորամուծությունը մտցրելէ միջնադարի հանրաճանաչ ճարտարապետ Մոմիկը: Խորանի խաչաձև լուսամուտները նույնպես նրա հորինածն է: Առագաստների վրա քանդակված են ավետարանիչների խորհրդանշանները` հրեշտակ (Մատթևոս), թևավոր ցուլ (Ղուկաս), թևավոր առյուծ (Մարկոս) և արծիվ (Հովհաննես):
Արևմտյան մուտքի քանդակազարդ ճակատին Աստվածամոր պատկերաքանդակն է` մանուկ Հիսուսը գրկին: Գեղանկարչական ճարտարապետական մոտիվները, ինչպես նաև եկեղեցու պատկերաքանդակներն իրենց ոճով առնչվում են հայկական միջնադարյան մանրանկարչության ընդհանրացված ձևերի հետ: Այստեղ նույնպես կարելի է տեսնել Մոմիկի ձեռագիրը, որը ոչ միայն հանրաճանաչ ճարտարապետ և քանդակագործ է եղել, այլ նաև մանրանկարիչ:
1840թ. երկրաշարժի ժամանակ փլվել է եկեղեցու գմբեթը: 1967-1972թթ. վերանորոգվել են եկեղեցու պատերը և ծածկը: 1998թ. Ամենայն հայող կաթողիկոս Գարեգին Ա նախաձեռնությամբ և պոլսահայ բարերար Արտաշես Տյուզմեճյանի հովանավորությամբ եկեղեցին ամբողջությամբ վերանորոգվեց: Մասնավորապես վերակառուցվեց գմբեթն իր նախնական տեսքով` բազմանիստ, հովհարաձև և զարդարված կիսասյուններով: Եկեղեցու կողքին կարելի է տեսնել իշխան Տարսայիճ Օրբելյանի ապարանքի փլատակները, ինչպես նաև XIV-XVII դդ. տապանաքարեր և խաչքարեր:
Հոդվածը Նատալիա Ղուկասյանի, www.building.am