Մարիացկի Եկեղեցի, Կրակով, Լեհաստան

Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Լեհաստան

Սուրբ Կույս Մարիամի վերափոխման եկեղեցին կամ Մարիացկի կոստյոլը (Kościół Mariacki) արդեն 7 հարյուրամյակ կանգնած է Լեհաստանի նախկին մայրաքաղաք Կրակովի Շուկայական հրապարակի մոտ։ Այս եկեղեցու բազմադարյա պատմությունը կապված է բազմաթիվ առասպելների հետ, որոնց հետքերը կարելի է տեսնել կամ լսել նաև այսօր։

Այս կաթոլիկ եկեղեցին կառուցված է գոթական ճարտարապետության լավագույն ավանդույթներով։ Մինչ մեր օրերը պահպանված եկեղեցին սկսել են կառուցել դեռևս 1290 թվականին՝ նախկինում այստեղ կանգնած փայտե եկեղեցու փոխարեն։ Շինարարությունը մասնակիորեն ավարտվել է 1320 թվականին, սակայն 35 տարի անց եկեղեցուն կից կառուցվել է պրեսվիտերիումը։ Որոշ կառույցներ, օրինակ՝ կողային մատուռները, կառուցվել են էլ ավելի ուշ։

Գոթական բազիլիկի ճակատային մասը զարդարում են երկու աշտարակներ՝ մեկը մյուսից մի փոքր ավելի բարձր։ Համաձայն առասպելի, աշտարակները կառուցել են երկու որմնադիր եղբայրներ, որոնցից յուրաքանչյուրը ցանկանում էր կառուցել ավելի բարձր աշտարակ, քան կկառուցեր մյուսը։ Շինարարության ավարտից հետո եղբայրը, ում աշտարակը ավելի ցածր էր, սպանեց երկրորդին, իսկ հետո էլ ինքը ցած նետվեց բարձր աշտարակից՝ ինքնասպան լինելով։ Այսօր «Մահուդե շարքեր»-ի շենքում, որը գտնվում է եկեղեցուց ոչ հեռու, կախված է մի դանակ, որով, ինչպես պնդում են տեղի բնակիչները, որմնադիրը սպանել է իր եղբորը։

Մեծ աշտարակի բարձրությունը կազմում է 82 մետր։ Այս քառակուսի աշտարակը գագաթնամասում վերածվում է ութանկյան։ 1666 թվականին աշտարակի սրաձողին ավելացվել է 1,3 մետր բարձրությամբ և 2,4 մետր տրամագծով ոսկեզօծ հսկա թագ։ Յուրաքանչյուր ժամ, չորս անգամ, աշտարակից հնչում է շեփորի ազդանշան՝ այսպես կոչված Մարիացկու հեյնալը (թարգ. Սուրբ Կույսը ընկել է)։ Ըստ առասպելի՝ այս ազդանշանն իր արմատներով հասնում է մինչև 13-րդ դար, երբ քաղաքի պահապաններից մեկը հենց այս աշտարակից նախազգուշացրեց Կրակովի վրա թաթարական հորդաների հարձակման մասին։ Նկատելով թշնամուն նա այնքան փչեց իր շեփորը, մինչև թշնամական նետը խոցեց նրա կոկորդը։ Այժմ Մարիացկու հեյնալը համարվում է Կրակովի խորհրդանիշերից մեկը: Երկրորդ՝ ցածր աշտարակի բարձրությունը 69 մետր է։ Այն ծառայում է որպես զանգակատուն։

Շենքի ներսում կարելի է նկատել պատմական տարբեր ժամանակաշրջանների տարրեր։ Արտաքինից գոթական այս եկեղեցին գեղեցիկ է, բայց խիստ, իսկ ներսից այն ապշեցնում է իր պատերի վառ որմնանկարներով։ Այդ որմնանկարները ստեղծել է լեհ հայտնի նկարիչ Յան Մատեյկոն 19-րդ դարում։ Կոստյոլի պատուհանները բարձր են և կամարավոր։ Դրանք զարդարված են վիտրաժներով, որոնք ստեղծվել են 19-րդ դարի վերջում, համաձայն նույն Յան Մատեյկոյի մտահղացման։ Որմնանկարները և պատուհանների նախշերը համաչափ միաձուլվում են, շենքի ինտերիերը դարձնելով անմոռանալիորեն վառ։

Եկեղեցում կան բազմաթիվ հնագույն նկարներ և քանդակներ։ Մարիացկի տաճարի մարգարիտը փայտե եռափեղկ խորանն է՝ ստեղծված դեռևս 1477-1489 թվականներին Վիտ Ստվոշի ձեռքերով։ Համաձայն առասպելի, իր ստեղծման պահին այդ խորանը արժեր այնքան, որքան կազմում էր ողջ քաղաքի տարեկան բյուջեն։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին այն հափշտակել էին գերմանացիները։ Պատերազմի ավարտից հետո խորանը գտան Նյուրնբերգյան ամրոցի ներքնահարկերում և վերադարձրին իր տեղը։

1962 թվականից եկեղեցին կրում է բազիլիկի տիտղոս։

2010 թվականի ապրիլի 18-ին Մարիացկի բազիլիկում կայացավ, ողբերգական մահացած, Լեհաստանի նախագահ Լեհ Կաչինսկու և նրա կնոջ՝ Մարիայի թաղման արարողութունը: Այստեղից աճյունները տեղափոխվեցին Վավելի թագավորական ամրոցի տաճար հուղարկավորման:

Հոդվածը Աննա Փամբուխչյանի, www.building.am


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ