Սուրբ Գրիգոր Տաճար, Արուճ, Հայաստան
Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի ՀայաստանԱրուճի Սուրբ Գրիգոր տաճարը գտնվում է ՀՀ Արագածոտնի մարզի համանուն գյուղում: Տաճարը կառուցել է իշխան Գրիգոր Մամիկոնյանն իր կնոջ` Հեղինեյի հետ: Արձանագրությունների համաձայն, տաճարի շինարարությունը սկսվել է 661թ. և ավարտվել է, ըստ մատենագրական վկայությունների, 666 թ.: Տաճարն օծել է Հայոց կաթողիկոս Անաստաս Ա Ակոռեցին (661-667):
Մինչև Սուրբ Գրիգոր տաճարի հիմնադրումն այստեղ կար մեկ այլ եկեղեցի, որի քահանա Գիորգոսը մասնակցել է 609 թ. Դվինի Գ եկեղեցական ժողովին: Հավանաբար, տաճարի հարավ-արևելյան կողմում գտնվող բազիլիկ կառույցը հենց այդ եկեղեցին է, Կաթողիկե եռանավ բազիլիկ եկեղեցին, որը, ըստ որոշ մասնագետների կարծիքի, վերակառուցման ժամանակ վերածվել է աշխարհիկ շինության:
VII դարում այստեղ էր գտնվում իշխան Գրիգոր Մամիկոնյանի նստավայրը, դրա համար էլ տաճարից և թաղակապ զանգակատնից բացի, այստեղ կային նաև մոնումենտալ աշխարհիկ շինություններ, այդ թվում իշխանական պալատը և ամրոցը:
Սուրբ Գրիգոր տաճարը գմբեթավոր դահլիճ է, որն իր չափսերով (34,6 x 16.9 մ. ) ամենախոշորն է ժամանակաշրջանի նմանատիպ կառույցներից: Ներկայումս քանդված առագաստային անցումներով գմբեթը բարձր գեղարվեստական արժեք ուներ: Գմբեթի թմբուկը զարդարված էր կիսասյուների դեկորատիվ կամարաշարով: Այդ մասին վկայում է տաճարի տարածքում ընկած թմբուկի բեկորը: Հատկապես տպավորիչ է Քրիստոսի 7 մետրանոց մեծադիր պատկերը (պահպանվել է միայն ծնկից ներքև եղած հատվածը): Պատվանդանի վրա կանգնած Քրիստոսը ձեռքին ուներ Ավետարանից վերցված քաղվածքով մագազաթ: Որմնանկարի առանձին տարրերը ոսկեզոծ էին: Ստորև, պատվանդանի հավասարությամբ, անցնում է զարդագոտին, որից ներքև պատկերված էին առաքյալները (պահպանվել են հյուսիսային պատի վրա 6 առաքյալների պատկերները): Սուրբ Գրիգոր տաճարի որմնանկարները ստեղցված են արևելյան հելլենիստական ավանդույթներով, ինչն արտացոլվում է զարդարվեստով, կերպարների գեղակերտության և անկաշկանդության մեջ: Որմնանկարների հեղինակն է VII դարի հայտնի հայ նկարիչ Ստեփանոսը, ինչի մասին վկայում է համապատասխան մակագրությունը Քրիստոսի պատվանդանի տակ:
XV դարում Խաչատուր վարդապետը վերանորոգեց տաճարը: XVI-XIX դարերում տաճարն ամայացած էր ու կիսավեր: 1964թ. վերանորոգվել են կիսավեր հարավային և արևմտյան պատերը, քիվերը և թաղը: 1947-1952թթ. պեղումների ժամանակ (Վ. Հարությունյանի ղեկավարությամբ) հայտնաբերվել է Գրիգոր Մամիկոնյանի կառուցած պալատը: 1958-1959թթ. ամրացվել է աղոթասրահի կտուրը, իսկ 1964-ին` բարեկարգվել տաճարի շրջակա տարածքը:
Հոդվածը Նատալիա Ղուկասյանի, www.building.am