Ս. Գայանե Եկեղեցի, Վաղարշապատ, Հայաստան
Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի ՀայաստանԸստ X դարի հայ պատմիչ և Կաթողիկոս Հովհաննես Դրասխանակերտցու, Սուրբ Գայանե եկեղեցին 630-641 թվականներին հիմնադրել է Եզր Կաթողիկոսը, այն վայրում, որտեղ հայ հեթանոս թագավոր Տրդատ III-ը Գայանե մայրապետին տանջանքների է ենթարկել և սպանել: 1652 թվականին հիմնովին վերանորոգվել են եկեղեցու պատերը և տանիքը, իսկ 1683 թվականին ճակատին կից կառուցվել է սրահը: Սուրբ Գայանե եկեղեցին պատկանում է VII դարի հայկական փայլուն ճարտարապետական կոթողների շարքին: Այն կենտրոնական նավով և երկու ավանդատներով բազիլիկ տիպի կենտրոնագմբեթ եկեղեցի է: Սուրբ Գայանեն հայկական ճարտարապետության մեջ այն վաղ օրինակներից մեկն է, որտեղ համատեղվել են եռանավ բազիլիկը և կենտրոնագմբեթ եկեղեցին, և որը հետագայում լայն տարածում է ստացել Հայաստանում: Եկեղեցու ներսում կենտրոնական գմբեթը հիմնված է չորս բարձր սյուների վրա, որը ստեղծում է խաչաձև հորինվածք: Սուրբ Գայանե եկեղեցին արտացոլում է ինչպես հայ ճարտարապետության անցյալը, քանի որ նման է V դարի հայկական կարևոր եկեղեցուն ՝ Տեկորի տաճարին (Սուրբ Սարգիսը՝ կամ Տեկորի տաճարը առաջին հայկական գմբեթավոր եկեղեցին է, որը գտնվում է Կարսում), այնպես էլ վառ հետք է թողնում ապագայում, քանի որ նրան է հաջորդելու 989-1010 թվականներին Տրդատ ճատրարապետի կողմից կառուցված հիասքանչ Անիի Մայր տաճարը: Ս.Գայանե եկեղեցին 2000 թվականից գրանցված է UNESCO- ի համաշխարհային մշակույթային ժառանգության ցանկում:
Ըստ Ագաթանգեղոսի, Հռոմի Դիոկղետիանոս հեթանոս կայսրը, ցանկանում էր կնության առնել շատ գեղեցիկ կույսերից մեկին՝ քրիստոնեա Հռիփսիմեին: Միանձնուհի Հռիփսիմեն, մայրապետ Գայանեն և մի քանի տասնյակ ընկերուհիներ փախչում են Դիոկղետիանոս կայսեր հետապնդումից դեպի Հայաստան: Իմանալով կույսերի Հայաստան փախչելու մասին՝ Դիոկղետիանոսը նամակով դիմում է հայոց թագավոր Տրդատ III-ին, խնդրելով գտնել նրանց և մահապատժի ենթարկել, իսկ Հռիփսիմեին վերադարձնել իրեն: Գերված Հռիփսիմեի գեղեցկությամբ, թագավորը որոշում է ամուսնանալ նրա հետ, սակայն այդպես էլ չի կարողանում տիրանալ գեղեցկուհուն և զայրացած հրամայում է տարբեր տեղերում մեկուսացնել կույսերին և սպանել: Ըստ ավանդույթի, Սուրբ Գայանե եկեղեցին հիմնադրվել է այն վայրում, որտեղ սպանվել է Գայանե մայրապետը: