Սրբանեսի Վանք, Արդվի, Հայաստան

Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Հայաստան

Սրբանեսի վանքը (կառուցվել է VIII-XVII դարերում), որը հայտնի է նաև Սուրբ Հովհաննես կամ Հովհան Օձնեցու վանք անուններով, գտնվում է Հայաստանի Լոռու մարզում, Արդվի գյուղի հյուսիս-արևմտյան եզրին: Վանքային համալիրը բաղկացած է երկու եկեղեցուց և զանգակատնից: Վանքի տարածքում են գտնվում նաև խաչքարեր, քառակող կոթողը, տնտեսական և բնակելի շինությունների փլատակները:

Եկեղեցիները միանավ թաղակապ դահլիճներ են, որոնք հաղորդակցվում են երկայնական ընդհանուր պատի մուտքային բացվածքով: Հյուսիսային դահլիճը, որն ունի պայտաձև աբսիդ և քառակուսի աղոթասրահ, համաչափություններով ավելի փոքր է, քան հարավայինը: Մի ժամանակ այն մուտք է ունեցել նաև արևմուտքից, բայց ներկայումս այն փակված է: XIII դարում եկեղեցու արևմտյան պատին կցվել է ոչ մեծ թաղակապ սրահ: Հարավային դահլիճի հատակը պատած է տապանաքարերով: Եկեղեցիների կառուցման համար օգտագործվել են ճեղքված անդեզիտի ոչ խոշոր անկանոն կտորներ: Միայն արևելյան պատի ստորին երեք շարքերը խոշորաչափ սրբատաշ քարերով են:

Երկու եկեղեցիների հորինվածքային տարրերը վկայում են, որ եկեղեցիները միաժամանակ չեն կառուցվել: Հյուսիսային եկեղեցու սկզբնական հորինվածքը, որից պահպանվել են արևելյան պատի ստորին շարքերը և հարավային մուտքի մի մասը, վկայում է, որ այն կառուցվել է ավելի վաղ, քան ամբողջ համալիրը: Հավանաբար այն վերակառուցվել է վանքի մյուս շինությունների կառուցման ժամանակ (ենթադրաբար XVII դարում):

Զանգակատունը կառուցվել է XVII դարում վանքի հարավային մասում: Զանգակատան ստորին հարկաշարքը խորանարդաձև է, այն պսակված է վեցասյուն ռոտոնդայով:

Սրբանեսի վանքը շրջապատված է անկանոն ոչ բարձր պարսպապատով: Արևմտյան մասում է գտնվում միջնադարյան գերեզմանոցը` բազմաթիվ ուշագրավ խաչքարերով և տապանաքարերով: XIX դարում վանքը վերանորոգել է Ստեփանոս Տարինյանը, իսկ 1902թ.` Մելիքսեթ Քալանթարյանը:

Սրբանեսի վանքը հայտնի է նրանով, որ այստեղ է թաղված 34-րդ Հայոց կաթողիկոս Հովհաննես Օձնեցին (Կաթ. 717-728թթ): Մեծ աստվածաբան, օրենսգետ, մտածող և ռեֆորմատոր Օձնեցին մահից հետո դասվել է սրբերի շարքին որպես Սուրբ Հովհաննես Իմաստասեր: Նա բազմաթիվ շարականների և աստվածաբանական աշխատանքների հեղինակ է: Օձնեցու կարևորագույն գործերից է «Կանոնագիրք Հայոց»` Հայաստանի եկեղեցական իրավունքի առաջին հավաքածուն:

Սրբանեսի վանքը նորագույն պատմության մեջ հայտնի է նաև դրանով, որ այստեղ է նկարահանվել հայտնի հայ ռեժիսոր` Ս.Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմը:

Հոդվածը Նատալիա Ղուկասյանի, www.building.am


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ