Ամենափրկիչ Եկեղեցի, Գյումրի, Հայաստան
Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի ՀայաստանԱմենափրկիչ եկեղեցին գտնվում է ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի կենտրոնում: Այն կառուցվել է 1860-1873թթ.: Շինության ճարտարապետն է Թադևոս Անդիկյանը:
Ամենափրկիչ եկեղեցին ոչ միայն Գյումրիի, այլ Հայաստանի նշանակալից ճարտարապետական կառույցներից մեկն է: Եկեղեցու հատակագիծը շատ նման է Անիի Մայր Տաճարին, սակայն նրա բացարձակ կրկնօրինակը չէ: Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին ավելի ընդարձակ է, ունի մեծ օղակաձև պատուհաններ: Նրա արևմտյան մասում է գտնվում զանգակատունը: Եկեղեցու բավականին հարուստ հարդարանքն առանձնանում է իր զարդաքանդակներով:
1930թ. Խորհրդային իշխանության հաստատումից հետո եկեղեցին առգրավվել էր պետության կողմից և փակվել: Ժամանակի ընթացքում եկեղեցու գմբեթը քանդվեց, իսկ 1937-ին զանգակատունը պայթեցվեց: 1964թ. Գյումրի քաղաքի գլխավոր ճարտարապետ Ռաֆայել Եղոյանը վերականգնեց զանգակատունն իր նախկին տեսքով: Խորհրդային ժամանակաշրջանում տաճարը վերափոխվել էր համերգային դահլիճի, որտեղ հնչում էին Բախի, Մոցարտի և Կոմիտասի գործերը: Առաջինը նոր համերգասրահում ելույթ էր ունեցել Գոհար Գասպարյանը:
Եկեղեցու շենքը, որը դիմակայել էր 1926թ. երկրաշարժին, անզոր գտնվեց 1988թ. աղետի դեմ: Ոմանց կարծիքով, եկեղեցին ենթակա չէր վերականգման: Սակայն ճարտարապետ Ռաֆայել Եղոյանին հաջողվեց համոզել, որ եկեղեցին կարելի է վերականգնել: 90-ական թվականների սկզբին հիմնվեց «Ամենափրկիչ» հիմնադրամը` տաճարի, ինչպես նաև մի շարք այլ պատմական հուշարձանների վերականգման նպատակով: Եկեղեցին վերականգնվեց ՀՀ կառավարության կողմից հատուցված, ինչպես նաև մի շարք բարերարների կողմից նվիրաբերած միջոցների հաշվին: Բարերարների թվում էր նաև բուդդիստ Չին Խայը, ով եկեղեցու վերականգման համար նվիրաբերել է $100 000:
Վերակառուցման նախագիծը մշակել են Ռ.Եղոյանը և Օ.Մեյրոյանը: Վերականգնման աշխատանքները տևեցին 20 տարուց ավելի: Նախկին կառույցից պահպանված ամեն մի քար օգտագործվել է նոր շենքը կառուցելիս: Սակայն եկեղեցու գմբեթը, որը երկրաշարժի ժամանակ ճաքել և ցած էր ընկել` ամբողջությամբ պահպանված, վերականգնման ենթակա չէր: Այնուամենայնիվ այն պահվում է եկեղեցու բակում: Եկեղեցու պատերն ամրապնդվել են երկաթբետոնե կառուցվածքներով: Ինչպես հավաստիացնում են մասնագետները, այս մոնոլիտ կառույցը դեռ կանգուն կմնա մի քանի հարյուրամյակներ:
Հոդվածը Նատալիա Ղուկասյանի, www.building.am