Սիսավան, Սիսիան, Հայաստան

Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Հայաստան

Սիսավան եկեղեցին, որը հայտնի է նաև Սուրբ Գրիգոր և Սուրբ Հովհաննես անուներով, գտնվում է Սիսիան քաղաքի հյուսիս-արևմտյան մասում: Պատմաբանները տարակարծիք են եկեղեցու կառուցման ճշգրիտ տարեթվի վերաբերյալ: Համաձայն որոշ տեղեկությունների, Սիսավան եկեղեցին կառուցել է Սյունյաց իշխան Կոհազատը` նահանգի հոգևոր առաջնորդ Հովսեփ Ա-ի և վանական Թեոդորոսի օժանդակությամբ 663-682թթ.: Սակայն, ըստ Սյունյաց տան պատմիչ Ստեփանոս արքեպիսկոպոս Օրբելյանի, Սիսավանը կառուցել է սյունյաց թագուհի Վարազդուխտը 520-530թթ.: Ինչպես հնագույն հայկական վանքերից շատերը, Սիսավանը նույնպես կառուցված է հեթանոսական տաճարի հիմքերի վրա:

Կառուցված սրբատաշ կապտավուն բազալտից՝ եկեղեցին, որն առանձնանում է իր արխաիկ կերտվածքով: Այն երկու մուտք ունի` հարավից և արևմուտքից: Եկեղեցու չորս անկյուններում գտնվում են ավանդատները: Ի տարբերություն նման այլ եկեղեցիների, գմբեթատակ տարածությունը ճիշտ քառակուսի է, չորս հավասար աբսիդները ունեն երեքական լուսամուտ: 12-նիստ գմբեթի թմբուկը զարդարված է զույգ կիսասյուններով, որոնք կապված են կամարներով: Գմբեթի 4-նիստ քիվի վրա, զարդարված հյուսածո նախշերով, քանդակված են 4 ավետարանիչների դիմապատկերը և անունները:

Գմբեթի կիսաոլորտի ներքևի մասում քանդակված է Կոհազատ իշխանի, Հովսեփ Ա-ի և վանական Թեոդորոսի դիմապատկերները համապատասխան մակագրություններով: Պատերի վրա կան տարբեր զարդապատկերներ, մակագրություններ, միջնադարյան զարդանախշեր և նշաններ, այդ թվում արխաիկ նշաններ, որոնք ոչ մի ընդհանուր կապ չունեն եկեղեցու ճարտարապետական գաղափարի հետ:

Արտաքին ճակատները զարդարված են կամարաձև խորշերով: Եկեղեցու տարածքում է գտնվում գերեզմանոց՝ միջնադարյան ժամանակաշրջանին բնորոշ խաչքարերով և տապանաքարերով:

1959-1961թթ. եկեղեցին վերանորոգվել է, տարածքը մաքրվել և բարեկարգվել, իսկ 1980-1988թթ` սալապատվել: Եկեղեցու արևելյան մասում գտնվում է Արցախյան պատերազմում նահատակված սիսիանցիների հիշատակը հավերժացնող պանթեոնը:

Սիսավանը հայկական վաղ միջնադարյան ճարտարապետության վառ օրինակ է: Եկեղեցին հասել է մինչև մեր օրերը իր սկզբնական տեսքով` գրեթե անփոփոխ:

Հոդվածը Նատալիա Ղուկասյանի, www.building.am


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ