Սիամական Աշտարակներ, Սանտյագո, Չիլի

Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Չիլի

Ճարտարապետի տաղանդի մասին վկայող կարևորագույն հանգամանքներից մեկը նրա ունակությունն է կառուցելու շենք, որը կբավարարի պատվիրատուի ցանկությունները և միաժամանակ կծառայի ըստ իր նշանակության: Թեև հաճախ պատվիրատուի ցանկությունները բավարարելն այնքան էլ հեշտ խնդիր չէ ճարտարապետի համար, պետք չէ մոռանալ, որ ինչքան բարդ է խնդիրը, այնքան ավելի մեծ հաճույք է պատճառում դրա բարեհաջող լուծումը: Բարդ լուծում պահանջող ճարտարապետական խնդրի վառ օրինակների թվին է պատկանում Չիլիի Եպիսկոպոսական Կաթոլիկ համալսարանի Տեխնոլոգիական նորամուծությունների կենտրոնի շենքը:

2003 թվականին Չիլիի Կաթոլիկ համալսարանի ղեկավարությունը հանձնարարեց ճարտարապետներ Ալեխանդրո Արավենաին, Չարլզ Մյուրրեին, Ալֆոնսո Մոնտերոյին, Ռիկարդո Տորեխոնին և Էմիլիո դե լա Սերդային ստեղծել ապակե աշտարակ, որտեղ պետք է տեղավորվեր համալսարանի Տեխնոլոգիական նորամուծությունների կենտրոնը, այսինքն՝ ապագա շինության մեջ պետք է տեղավորվեր համալսարանի ողջ գույքը, որը որևէ կապ ուներ համակարգիչների հետ:

Չնայած պատվիրատուի բարձրահարկ աշտարակ ստեղծելու ցանկությանը՝ կառույցի շինարարության համար նախատեսված հատակների տարածքը (5000 քառ. մ) բավարար չէր բավականաչափ բարձր աշտարակ կառուցելու համար: Սակայն բազմաթիվ հնարավոր տարբերակների քննարկումից հետո ճարտարապետները վերջապես գտան մի լուծում, որը հնարավորություն տվեց ստեղծելու բավականին ընդարձակ և ամուր մի շինություն՝ պահանջվող տարածքի սահմաններում և բավականին նման աշտարակի: Արդյունքում ստեղծվեց մի ապակեպատ աշտարակ, որն ունի երկու գլուխ: Շենքը, որը մինչև 7-րդ հարկ մեկ միասնական հիմք ունի, 7-րդ հարկից բաժանվում է երկու գլխի՝ դրանով իսկ հիշեցնելով սիամական երկվորյակների՝ մեկ ստորին մարմնով և երկուական կրծքավանդակով ու գլխով:

Նմանօրինակ մոտեցումը հնարավորություն տվեց ստեղծել մի կառույց, որը, չնայած իր ցածրությանը, նման է աշտարակի: Թեև արտաքինից կառույցը նուրբ և փխրուն է թվում, սակայն իրականում շնորհիվ համակարգչային տեխնոլոգիաներով իրականացված բարդ մաթեմատիկական և ճարտարապետական կոնստրուկտիվ հաշվարկների՝ այս շենքը, որն առավել հայտնի է որպես Սիամական աշտարակներ (Torres Siamesas), բավականին ամուր է և ունի բարձր սեյսմիկ կայունություն: Կառույցն իր վերջնական տեսքն է ստացել և շահագործման հանձնվել 2005 թվականին:

Սիամական աշտարակներն արտաքինից ուղղահայաց տեսք չունեն. դրսից նայողին թվում է, թե աշտարակներից մեկը ձգվում է դեպի աջ, իսկ մյուսը՝ ձախ: Շենքը երկշերտ է՝ արտաքին շերտը կառուցվել է ալյումինից և ապակուց, իսկ ներքինը՝ մանրաթելային բետոնից: Շնորհիվ հենց արտաքին ապակեպատ պատերի է որ շենքը ստացել է իր թեքված պատկերը և միաժամանակ առատ լուսավորված է ցերեկային ժամերին: Դրանցից մեկի կառուցման համար օգտագործվել է արծաթագույն ալյումին, իսկ մյուսի համար՝ ավելի մուգ: Գունային տարբերությունը հատկապես տպավորիչ է գիշերային ժամերին, երբ շենքի ներսում էլեկտրական լույս է վառվում:

Աշտարակի հիմնային մասում օգտագործվել են երկաթուղային կոճեր: Կառույցի ստեղծման ժամանակ օգտագործված հիմնական նյութերն են ապակին, ալյումինը, տեղական անտառների փայտը և մանրաթելային բետոնը:

Սիամական աշտարակները ժամանակակից տեղնոլոգիաների և բարդ մաթեմատիկական հաշվարկների արդյունքն են: Շնորհիվ այդ տեխնոլոգիաների և հաշվարկների՝ ստեղծվել է մի յուրօրինակ և տպավորիչ շինություն՝ ճարտարապետական բարդ խնդրի մի գեղեցիկ լուծում:

Հոդվածը Աննա Փամբուխչյանի, www.building.am


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ