Շոշկավանք, Մարտունի
Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի ՀայաստանՇոշկավանք վանքային համալիրը գտնվում է Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Մսմնա և Կավահան գյուղերի միջև, այդ պատճառով ել այն վերագրվում է երկու գյուղերի տեսարժանությունների շարքին: Տեղանքի մանրազնին ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այստեղ դեռ վաղ միջնադարում քրիստոնեական տաճար կար, որը հավանաբար ավիրվել է թշնամական արշավանքների ժամանակ:
Վանքի Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1651թ.: Պատերի շարվածքում օգտագործված են հին կառույցների քարերը, ինչպես նաև միջնադարյան խաչքարեր և տապանաքարեր: Եկեղեցին պատկանում է միանավ կառույցների շարքին: Խորանային ապսիդը գտնվում է աղոթասրահի արևելյան մասում: Կամարակապ ծածկը հենվում է զույգ մույթերի վրա: Խորանային բեմը զարդարված է խաչաքանդակներով: Եկեղեցու շուրջը կարելի է տեսնել քանդված շինությունների, հավանաբար գավթի և տնտեսական շինությունների, ավերակները:
Վանքի Սուրբ Աստվածածին եկեղեցին վերջերս նորոգվել և բարեկարգվել է գործարարներ Բաբայան եղբայրների միջոցներով և տեղաբնակ Տիգրան Խաչատրյանի աջակցությամբ: Այն վերակառուցվել է հին գծագրերի և նկարների հիման վրա: Եկեղեցին օծվել է 2009թ. նոյեմբերին: Երկարատև դադարից հետո Շոշկավանքում մատուցվեց առաջին Սուրբ պատարագը` Արցախյան թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Պարգև Մարտիրոսյանի գլխավորությամբ:
Հոդվածը Նատալիա Ղուկասյանի, www.building.am