Շխմուրադի Վանք, Ծաղկավան, Հայաստան
Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի ՀայաստանՇխմուրադի վանական համալիրը (XII-XIII դ.) գտնվում է Հախում (Վարագաջուր) գետի հովտում, Տավուշի մարզի Ծաղկավան գյուղից 6 կմ դեպի հարավ-արևմուտք: Համալիրը կազմված է եկեղեցուց, մատուռից և երկու գավիթներից: Հավանաբար, վանքը այդպես է կոչվել վանքից ոչ այնքան հեռու գտնվող Շխմուրադ բնակավայրի անունից:
Վանքի գլխավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1181 թ. մոխրագույն ֆելզիտից: Այն գմբեթավոր դահլիճ է Ավագ և չորս փոքր խորաններով: Ավագ խորանի երկու կողմերում գտնվում են երկհարկանի ավանդատները: Եկեղեցին երկու մուտք ունի` հարավից և արևմուտքից: Արտաքին հարդարանքը բավականին զուսպ է, արևելյան ճակատը զարդարված է զույգ խորշերով: Կառույցը պսակում է գլանաձև թմբուկ ունեցող գմբեթը: Եկեղեցու պատերին կան վիմագրություններ, որոնց մեծ մասն արդեն ջնջվել են:
Եկեղեցու գավիթները նրա հարավային և արևմտյան մասերում են: Արևմտյան գավիթը, որը կառուցվել է XIII դարի երկրորդ կեսին, քառակուսի դահլիճ է զույգ ութանիստ սյուներով: Երկրորդ՝ ավելի փոքր գավիթը կցվել է եկեղեցուն փոքր ուշ, XIII դարի վերջին: Այն քառակուսի հատակագծով, առանց սյուների շինություն է:
Գլխավոր եկեղեցուց ոչ հեռու գտնվում է կիսաքանդ մատուռը, Խորանիկը, որը, համաձայն արևմտյան պատի արձանագրությանը, կառուցվել է գլխավոր եկեղեցուց ավելի վաղ՝ 1149 թ -ին: Վանքի պարսպապատից մնացել են միայն փլատակներ: Վանքի տարածքում կան նաև գեղաքանդակ խաչքարեր, որոնց շարքում է հանրաճանաչ վարպետ Կիրամի կիսաքանդ խաչքարը:
XVII դարում Շխմուրադի վանքը մասնակի վերականգնվել է:
Հոդվածը Նատալիա Ղուկասյանի, www.building.am

Դիրքը Քարտեզի Վրա