Շահ Չերաղ Դամբարան, Շիրազ, Իրան

Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Իրան

Շահ Չերաղ դամբարանը և մզկիթը կառուցվել են իրանական Շիրազ քաղաքում Մուհամեդ մարգարեի ժառանգներից մեկի որդիների` Ահմեդի և Մուհամեդի գերեզմանների վրա (շիա իսլամը Մուհամեդի առաջին ժառանգների մեծ մասին դասել է սրբերի շարքը)։ Համաձայն ավանդույթի` Շահ Չերաղը հիմնադրվել ու սրբավայր է դարձել 12-րդ դարում, երբ ոմն այաթոլլա Դաստգաիբը (այաթոլա - շիայական հոգևոր առաջնորդ), մի գիշեր հեռվում վառ լույս նկատեց։ Մոտենալով լույսի աղբյուրին, նա գտավ գերեզմաններ, որոնցում հուղարկավորված էին ռազմական հանդերձանքով մարդիկ։ Զոհվածներից մեկի մատանու վրա փորագրված էին նրա անունն ու հայրանունը։ Այդ մատանու շնորհիվ էլ պարզվել է, որ այդտեղ թաղված են Ահմեդ և Մուհամեդ սրբերը, որոնք զոհվել էին դեռևս 9-րդ դարի սկզբում։ Երկու հարյուրամյակ անց որոշում ընդունվեց նրանց գերեզմանների տեղում ստեղծել դամբարան։

12-րդ դարի առաջին կեսում գերեզմանների վրա կառուցվեց հասարակ դամբարան՝ գմբեթով և սյունազարդ շեմով։ Երկու հարյուրամյակ անց՝ 1344-49 թվականներին շինությունը վերակառուցվել ու ընդարձակվել է Թաշ Խաթուն թագուհու ջանքերի շնորհիվ։ Նա Շահ Չերաղին ընծայել է երեսուն հատորանոց Ղուրան՝ շքեղ զարդարված ոսկով ու թանկարժեք քարերով։ Բարեբախտաբար, այս Ղուրանը պահպանվել է մինչ մեր օրերը, սակայն այժմ պահվում է Շիրազի թանգարաններից մեկում։

Հաջորդող մի քանի հարյուրամյակների ընթացքում Շահ Չերաղ դամբարանն ու մզկիթը տուժել են երկրաշարժերից և վերանորոգվել։ Ներկայումս դամբարանը մի ընդարձակ շինություն է, որն արևելյան կողմում ունի տասը սյուն, իսկ արևմտյանում` մզկիթ։ Դամբարանի գմբեթը բարձրանում է կենտրոնում, իսկ գմբեթի երկու կողմերում գտնվում են զույգ մինարեթները։ Այստեղ կարելի է գտնել բազմաթիվ գերեզմաններ, այդ թվում նաև Խաթուն թագուհու շիրիմը։

Դրսից դամբարանը այդքան դիտարժան չէ՝ սովորական իսլամական ավազագույն կառույց է՝ զարդարված ավանդական իրանական խճանկարով։ Եթե չիմանաս, որ շենքի ներսում կախարդանք է տիրում, ապա կարելի է պարզապես անցնել կողքով։ Սակայն, ներս մտնելով հասկանում ես, թե ինչու է Շահ Չերաղը հայտնի նաև Հայելային մզկիթ անվանումով։ Մզկիթի ներսը հարդարված է գունավոր ապակու կտորներով, հայելիներով ու արծաթե թիթեղներով. այստեղ ամեն ինչ շողշողում է արծաթագույնի, կապույտի ու կանաչի հեքիաթային երանգներով։ Նմանատիպ ներքին հարդարանքի ընտրությունը, որն արդարացնում է Շահ Չերաղ անունը (պարսկերենից թարգմանաբար նշանակում է լույսի թագավոր), Ահմեդի ու Մուհամեդի գերեզմանների հայտնաբերման պատմության արդյունքն է ։

Հոդվածը Աննա Փամբուխչյանի, www.building.am

Լուսանկարները՝ rychkoff.livejournal.com


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ