Փրկիր Լողափ Հյուրանոց, Հռոմ, Իտալիա

Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Իտալիա

Բառերն անցնում են, գրվածները՝ մնում: Ես մեծ ցանկությամբ Ձեր ուշադրությունը կհրավիրեմ այս թեմատիկ շենքին, որը նվիրված է շրջակա միջավայրի համաշխարհային օրվան՝ հունիսի 5 - ին:
Աղբ, թափոն, կեղտ. այս բոլոր բառերի իմաստը պարունակում է տհաճ, նողկալի նրբերանգ: Բայց դուք պետք է իմանաք, որ Ձեր աղբը ուրիշի հարստության աղբյուրն է, ով Ձեր իսկ օգնությամբ մուրացկանից կվերածվի արքայազնի: Եվ թեկուզ նախանձից դրդված մի՛ նետեք աղբն ուր պատահի և ապահով պահեք Ձեզ մոտ: Դժվարանում եմ ասել, թե որքան աստղ կարելի էր տալ այս հյուրանոցին, բայց այն ինձ շատ դուր եկավ, հատկապես իր առաքելությամբ, այն է՝ շրջակա միջավայրի հանդեպ աշխարհի բնակչության իրազեկության բարձրացում և աղտոտման կանխարգելում: «Փրկիր Լողափ Հյուրանոցը» (Save the Beach Hotel) ծնվեց Իտալիայում՝ Հռոմում 2010թ-ին: Այն համարձակորեն ներկայացավ բոլորին Հռոմի կենտրոնում հունիսի 3-7-ը՝ հին հուշարձանների միջև: Պատմական քաղաք ու նման արտասովոր, զվարճալի կառույց. իհարկե, մի քիչ հեգնական է այս փաստը: Եվ չնայած արվեստի այս յուրօրինակ նմուշը գրավել է շատ զբոսաշրջիկների, իմ սիրտը լի է վշտով ու ցավով:

Գերմանացի նկարիչ և քանդակագործ Հանս-Յուրգեն Շուլտը, որի համար աղբը ստեղծագործական նյութ է, ստեղծեց այս հյուրանոցը հնագույն Սանտ Անջելո ամրոցի (Castel Sant'Angelo) մոտ՝ Տիբեր գետի ափին: Նա ցանկանում էր շեշտել մարդկության կողմից հասցված ահռելի վնասը ծովին ու լողափին: Ես խորապես տպավորված եմ այն հանգամանքով, որ այս կառույցի «շինարարական նյութերն» իրենցից ներկայացնում են 12.000կգ թափոն՝ հավաքված Եվրոպայի տարբեր լողափերից: Այստեղ կարող եք տեսնել պլաստիկ տոպրակներ, հին տարաներ, գլխարկներ, տեսախցիկներ, գուլպաներ, ֆուտբոլի գնդակներ, ձկնորսության ցանցեր, ոչ պետքական հագուստ, խաղալիքներ, նույնիսկ ճոճաձի և մանեկեն: Այս հինգ սենյականոց հյուրանոցը չունի հոսող ջուր, էլեկտրականություն և այլ ծառայություններ համարի ներսում, բայց դուք իհարկե կարող եք քնել մաքուր անկողնում: Այստեղ միայն քիմիական զուգարաններ են, որոնք միացված չեն կոյուղուն, իսկ վարագույրները պատառոտված կտորների համակցում է: Դանիական սուպերմոդել Հելենա Քրիստենսենը, առաջինը գիշերելով այս հյուրանոցում, այն կոչեց արվեստի նշանակալի գործ: Որքան էլ զարմանալի է, այս նախագծի հովանավորը Corona Extra գարեջրի ապրանքանիշն է, քանի որ ալկոհոլի շշերը միջավայրի աղտոտման հիմնական աղբյուրն են: Եվ բացի այդ, սա բրենդի գովազդման լավագույն միջոց է:

Ի վերջո, ես կոչ եմ անում բոլորին չկեղտոտել մեր փոքր մոլորակն ու պայքարել հանուն մաքուր կյանքի և շրջակա միջավայրի:

«Մենք ապրում ենք աղբի ու կեղտի ժամանակաշրջանում: Մենք ենք ստեղծում աղբը և, ի վերջո, վերածվում դրա: Այսպիսով, հյուրանոցը մեր ժամանակների հայելին է: Մենք պետք է փոխենք աշխարհը մինչ այն կփոխի մեզ»,- այսպես է խոսել Շուլտը իր ծրագրի մասին՝ հուսալով վերստեղծել այն բազմաթիվ այլ երկրներում:

Հոդվածը Լիլիթ Խալաթյանի, www.biulding.am

Photos: www.weheart.co.uk


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ