Սանտա Մարիա Դելլա Կոնչեցիոնե Եկեղեցի, Իտալիա
Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի ԻտալիաՍանտա Մարիա դելլա Կոնչեցիոնե եկեղեցին կառուցվել է 1626-1631թթ. Անտոնիո Կազոնիի նախագծով: Եկեղեցին ունի փոքրիկ գմբեթ և վեց մատուռ: Նրանցից մեկում թաղված է Սբ. Ֆելիքս Կանտալիչեն (16 դար), իսկ մյուսում գտնվում է Կրիսպին Վիտերբացու (17-18դդ.) դամբարանը: Եկեղեցու պատերն ու առաստաղը զարդարված են Կարավաջոյի, Պիետրո դա Կորտոնայի, Գվիդո Ռենիի գործերով: Սակայն այս եկեղեցին առաջին հերթին առանձնանում է ոչ թե իր հիմնական սրահով ու մեծ վարպետների աշխատանքներով, այլ կրիպտով (ստորգետնյա դամբարան): Հունարենից թարգմանած կրիպտ նշանակում է ստորգետնյա տարածք, թաքստոց: Սանտա Մարիա դելլա Կոնչեցիոնե եկեղեցում այն բաժանված է 5 մատուռների, որոնք լուսավորվում են միայն բնական լույսով ու փոքրիկ լամպերով: Կրիպտի մատուռներից մեկի մուտքի վրա գրված է. “Ժամանակին մենք այն էինք, ինչ դուք հիմա: Մի օր դուք կլինեք այն ինչ մենք ենք հիմա”:
Գետնադամբարանի պատմությունը հետևյալն է: 1626թ. եկեղեցու տարածքը փոխանցվեց Ուրբան VIII պապի տրամադրության տակ: 1631թ. շինարարության ավարտից հետո նրա եղբայրը` Անտոնիո Բարբերինի կարդինալը կարգադրեց, որպեսզի Տրևի շատրվանի մոտ հուղարկավորված վանականների ոսկորները տեղափոխվեն դամբարան: Երեք հարյուրամյակի ընթացքում (1528-1870թթ.), երբ կաթոլիկ եկեղեցին թույլ էր տալիս հուղարկավորությունների կատարել եկեղեցիների տարածքում, Սանտա Մարիա դելլա Կոնչեցիոնեյում հավաքվեցին ավելի քան 4000 վանականների ոսկորներ: Սկզբում նրանց պարզապես թիկնոցներ էին հագցնում և տեղավորում էին եկեղեցու ներսում: Հետագայում կմախքները սկսեցին մասնատվել ու դրանցից զարդանախշեր պատրաստվեցին: Հիմնականում ոսկորներից ստեղծվում էին աստվածաշնչային պատկերներ, սակայն մինչ օրս էլ պահպանվել են ամբողջական կմախքներ` վանականների թիկնոցներով: Սրահներից մեկում կարելի է տեսնել Բարբերինի արքայադստեր կմախքը. նա Սիքստ V պապի զարմուհին էր, որ մահացել էր շատ վաղ տարիքում: Ընդհանուր առմամբ եկեղեցու բոլոր զարդանախշերն արված են բարոկկո ոճի մեջ: Կա տարածված կարծիք, որ Սանտա Մարիա դելլա Կոնչեցիոնեն նախատիպ է հանդիսացել Սեդլեցի հանրահայտ մատուռի համար:
Հոդվածը Սոնա Գասպարյանի, www.building.am