Սանտա Մարիա դե Գուադալուպե, Կասերես, Իսպանիա

Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Իսպանիա

Սանտա Մարիա դե Գուադալուպե թագավորական վանքը (Իսպ.՝ Real Monasterio de Nuestra Señora de Guadalupe) համարվում է իսպանական հոգևոր ճարտարապետության կարևորագույն հուշարձաններից մեկը: Այն իր մեջ պարունակում է իսպանական վանական ճարտարապետության չորս հարյուրամյակների բոլոր ուղղությունները, որոնք ներդաշնակորեն ձուլվել են մեկ համալիրի մեջ: Խորհրդանշական է վանքի հիմնադրման պատմությունը: Ըստ լեգենդի 13–րդ դարում Գիլ Կորդերո անունով մի հովիվ Գուադալուպե գետի մոտակայքում գտնում է Սուրբ Աստվածամոր արձանը: Ենթադրվում է, որ արձանը 8–րդ դարում պահվել է մավրիտանական հարձակումներից: Տեղացիները տվյալ վայրում մատուռ են կանգնեցնում Աստվածամոր պատվին: Մատուռը բազմիցս այցելում է թագավոր Ալֆոնս XI: Նա իր ճակատամարտերից մեկի ժամանակ խնդրում է Սուրբ Մարիամի օգնությունը և հաղթանակած է դուրս գալիս պատերազմից: Թագավորն ի շնորհակալություն աստվածային օգնությանը, հայտարարել է մատուռը թագավորական սրբավայր և 1340 թ.-ին սկսել վանական համալիրի շինարարական աշխատանքները: 1389 թ.-ին Իերոնիմիտ քահանաները իշխանությունը վերցնում են իրենց ձեռքը և վանքը դարձնում են իրենց գլխավոր նստավայրը, իսկ շինարարական աշխատանքները կատարվում են վանահոր հովանու ներքո: 1474 թ.-ին այստեղ է թաղվել Հենրի IV Կաստիլիացին: XIV դարում վանքում գործում էին քերականության և բժշկության դպրոցներ, հիվանդանոցներ, դեղատուն և այստեղ էր գտնվում Իսպանիայի մեծագույն գրադարաններից մեկը: Վանքը հանդիսանում է երկու կարևորագույն իրադարձությունների խորհրդանիշը, որոնք տեղի են ունեցել 1492 թ.-ին` Պիրենեյան թերակղզու ազատագրումը կաթոլիկ թագավորների կողմից և Ամերիկայի հայտնագործումը Կոլումբոսի կողմից: Այստեղ է մեծ ծովագնացը առաջին անգամ հայտնել իր շնորհակալությունը վերին ուժերին այդ հաջողության համար: 1808 թ.-ին Նապոլեոնի զորքերը ավիրում ու թալանում են վանքը: Այն վերականգնվել է XX–դարում Ֆրանսիստական քրիստոնյաների կողմից:

Չնայած նրան, որ վանքի ճարտարապետությունը զարգացում է ապրել դարերի ընթացքում, միևնույնն է դոմինանտ դիրք է գրավում գլխավոր եկեղեցին, որը կառուցել են Ալֆոնս XI և իրեն հաջորդող արքաները XIV-XV դարերում: Սանտա Կատալինայի քառակուսի մատուռը հայտնի է իր XVII դարում կառուցված դեկորատիվ գերեզմաններով, իսկ նույն ժամանակ կառուցված աղոթարանը` Ֆրանսիսկո դե Սուրբարանի նկարներով: ԱղոթարանԵտևում գտնվում է ութանկյուն բարոկկո ոճով կառուցված Աստվածամոր մատուռը (Իսպ. Camarin de la Virgen), տպավորիչ սրահով և Լուկա Ջորդանոյի ինը նկարներով: Համալիրում գտնվում են նաև այլ նշանավոր նկարիչների գործեր, որոնց շարքում են Էլ Գրեկոն, Ֆրանսիսկո Գոյան, Ադրիան Իզենբրանտը և Խուան Կորեա դե Վիվառը:

1993 թ.-ին Սանտա Մարիա դե Գուադալուպե վանքը ընդգրկվել է UNESCO-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում:

Հոդվածը Ռուզաննա Մկրտչյանի, www.building.am


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ