Հյուրանոց «Ավազե Դղյակ», Դորսեթ, Մեծ Բրիտանիա

Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Մեծ Բրիտանիա

Այս գեղեցիկ նախագիծն այնքան անհավանական է թվում, որքան անապատում սառցե հյուրանոց կառուցելը: Պատրաստել մի հսկա ավազե դղյակ հենց ծովափին. չէ՛, սա իսկապես խենթություն է: Ախր ջրի բերածը ջուրն էլ կտանի: Եվ այդպես էլ եղավ. այդ ձեռքի չքնաղ աշխատանքը կանգուն մնաց մինչ առաջին անձրևը, և հետո մեծ ալիքները ողողեցին ափն ու տարան իրենց ավազը՝ երևի թե մի օր վերադարձնելու ակնկալիքով:

Այս ավազե հյուրանոցը կառուցվել է 2008-ի հուլիսի 23-ին Վեյմութ լողափում, որը գտնվում է Անգլիայի Դորսեթ կոմսությունում: Մտահղացումը LateRooms ընկերությանն էր: Նախագծի գլխում կանգնած էր ճարտարապետ-քանդակագործ Մարկ Անդերսոնը, որը չորս դիզայներների հետ համատեղ 7 օր շարունակ 14-ժամյա աշխատանքային գրաֆիկով կերտեց առաջին ավազե ամրոցն աշխարհում: Այս հեքիաթային գործը 1000 տոննա ավազից էր պատրաստված և զբաղեցնում էր 50քմ տարածք: Դղյակն ուներ երկու ննջասենյակ՝ մահճակալներով, բազմոցներով և այլ հարմարություններով, բայց բնական կարիքներ հոգալու խնդիրը լուծում չէր ստացել: Ամենակարևորը, աստղազարդ երկինքը դիտելու մեծ գայթակղությունը հյուրերին ստիպում էր վճարել 21 ԱՄՆ դոլար մեկ գիշերվա համար: Այս զվարճանքը զուտ գովազդային նկատառումներով էր կառուցվել՝ զարգացնելու Վեյմութի և ամբողջ երկրի զբոսաշրջիկությունը, որն էլ տվեց իր գլխապտույտ արդյունքը:

Հոդվածը Լիլիթ Խալաթյանի, www.building.am


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ