Սաղմոսավանք, Հայաստան

Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Հայաստան

Արագածոտնի մարզի Սաղմոսավան գյուղում, Քասաղ գետի գեղատեսիլ կիրճի եզրին է կանգնած Սաղմոսավանքը։ Նրա ներդաշնակ ուրվագիծը հստակորեն առանձնանում է Արագածի փեշերի ֆոնին: Վանքի գլխավոր`Ս.Սիոն եկեղեցին պատկանում է խաչաձև գմբեթային, բոլոր անկյուններում երկհարկ ավանդատներով կառույցների տիպին: Այն կառուցել է Վաչե Վաչուտյան իշխանը 1215թ-ին: Սաղմոսավանքի գավիթը կառուցվել է XIIIդ. երկրորդ քառորդում: Շքամուտքերից առավել ճոխ հարդարանքն ունի արևմտյանը:
1255թ-ին Քուրդ Վաչուտյան իշխանի կառուցած գրատունը պատկանում է, իր հորինվածքով յուրօրինակ և նշանակությամբ հազվադեպ, հայկական կառույցների թվին: Նրա արևելյան մասում գտնվում է խորանը, իսկ հարավ-արևելյան անկյունում` երկհարկ ավանդատունը, ինչը բացառիկ երևույթ է նման նշանակության կառույցներում: Գրատնից երկու մուտք է բացվում է. Դեպի գավիթ և Աստվածածին եկեղեցին (1235թ.), ընդորում, այդ եկեղեցի կարելի է մտնել միայն գրատնից: Ենթադրվում է, որ այդ կառույցը նախատեսված է եղել նաև եկեղեցական թանկարժեք սպասքի պահպանման համար: Պատի վրա պատկերված է ծագող արևի և ճառագայթների հարթաքանդակը, իսկ նրան կից կամարի վրա` հրեշտակը և իշխանական զինանշանը. գառանը մագիլող թևատարած արծիվը: Ճարտարապետը օգտագործել է նաև գունային ձևավորում: Որոշ մասերը կարմիր և սև քարերով շարվելուց բացի, ներկվել են նաև սպիտակ, դեղին և կարմիր ներկերով, ինչը շինությանը հաղորդել է շքեղություն:
Վանքի տարածքում, նրան կից գերեզմանոցում, ինչպես նաև, շինությունների ներսում, պահպանվել են բազմաթիվ տապանաքարեր, դրանց մի մասը` հարուստ զարդաքանդակված խաչքարերի տեսքով: Առավել հետաքրքիր է պատվանդաններով խաչքարերի խումբը: (https://www.findarmenia.com)


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ