Ռոզակի Տունը, Դարվին, Ավստրալիա
Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի ԱվստրալիաՈ՞վ է Մայք Ռոզակը: Տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ Հյուսիսային Ամերիկայից, ով վաղ 90-ականներին բազում այցելություններ կատարելով Ավստրալիա՝ տպավորված էր մնացել ավստրալիական հիասքանչ լանդշաֆտով... Եվ ահա, 1999թ-ին նա տեղափոխվում է Ավստրալիա և որոշում է իրականացնել իր վաղեմի երազանքը, այն է՝ կառուցել իր նոր արտասովոր տունը: Այնուհետև նա գնում է 100 ակր հողատարածք Բեննեթ լճի մոտ՝ Դարվինից 80 կմ հարավ: Եվ սկսվում են շինարարական աշխատանքները: Ռոզակն անվանեց իր տունը «Արծվի աչք» (Eagle Eye).
Այս տունը կառուցված է պողպատե, կոշտ միացումներով, կրող կառուցվածքների վրա: Հատակների ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 200ք.մ.: Առաջին հայացքից կառույցն անհեթեթ տպավորություն է թողնում: Սակայն ճարտարապետական տեսանկյունից այն բավականին հետաքրքիր ու բարդ կառույց է, որը կարող է դիմակայել Ավստրալիային բնորոշ ուժեղ քամիներին ու մրրիկներին: Այս «ոտքերով» տան շինարարությունում օգտագործվել են այնպիսի կանաչ տեխնոլոգիաներ, ինչպիսիք են տանիքին տեղակայված արևային վահանակները և անձրևաջրերի հավաքման և օգտագործման համակարգը: Բացի այդ, այս գլուխգործոցն ապացուցում է, որ տուն կառուցելու համար անհրաժեշտություն չկա ծախսել մեծ գումար: Պարզապես կարելի է օգտագործել թեթև պողպատե կառուցվածքներ, ինչը նաև նվազեցնում է շրջակա միջավայրի վրա վատ ազդեցությունը: Հարկ է նշել, որ ներքին հարդարման մեջ նույնպես մետաղ է օգտագործվել. պատերը և առաստաղը կրկին պատրաստված են պողպատից: Ռոզակի յուրօրինակ տունը ստացել է երկու խոշոր մրցանակ 2002 թվականի Ազգային Ճարտարապետական Մրցանակաբաշխության ժամանակ (National Architecture Awards 2002): Վերջապես, Ռոզակի երազանքը՝ կառուցել «քեմփինգ քաղաքից դուրս» իրականացավ և դրանով իսկ կերտեց իր սեփական պատմությունը:
Հոդվածը Լիլիթ Խալաթյանի, www.building.am
Լուսանկարները՝ www.mxac.com.au