Փարոս Ռոթեր Զանդ, Բրեմենհարֆեն, Գերմանիա

Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Գերմանիա

Երբեմն ուզում ես կտրվել քաղաքակրթությունից, աշխատանքից ու բազում այլ խնդիրներից, ընկղմվել բնության գրկում և զգալ քեզ ինչպես Ռոբինզոնը: Եվ, իհարկե, այս ամենը համատեղել գոնե նվազագույն հարմարավետության հետ: Դե, բավական է երազել, հյուրանոց-փարոս «Ռոթեր Զանդ»- ը (Roter Sand – գերմաներենից թարգմանաբար՝ «Կարմիր ավազ») հենց այն է, ինչ ուզում եք:

Շատերին հայտնի 1885թ.-ի ճարտարագիտական հրաշալիքն այսօր արդեն այցելուներ է ընդունում: Ի վերջո, սա ջրի վրա հանգրվանող առաջին կառույցն է եղել, որը 22 մետր խորությամբ ընկղմված է ծովի ընդհատակը: 2010թ.-ի նոյեմբերին փարոսը տոնեց իր 125-ամյակը:

Մեր բարի ծերունին գտնվում է Հյուսիսային ծովում, Բրեմենհարֆենի ափից 30 մոտ մղոն հեռավորության վրա (Ստորին Սաքսոնիա, Գերմանիա): Այս փարոսն իր ավանդական երանգավորմամբ՝ կարմիր ու սպիտակ գույների գծավոր համադրությամբ, ավելի քան 80 տարիների ընթացքում դիմավորել և ուղեկցել է բազում նավաստիների և էմիգրանտների: Բայց 1964 թ-ին այն բարձիթողի վիճակում էր. աշտարակի հիմքն արդեն վնասված էր և այն այլևս պիտանի չէր: Միայն 1987թ.-ին որոշվեց վերանորոգել և վերականգնել փարոսը, իսկ ողջ վերականգնողական աշխատանքները, այդ թվում հիմքի վերակառուցումն ու ներքին հարդարման աշխատանքները, հանձն առավ Գերմանիայի Հուշարձանների պահպանման հիմնադրամը:

Եվ ահա 1999թ-ին զբոսաշրջիկների առաջին խումբը հնարավորություն ունեցավ հիանալու «Ռոթեր Զանդ»- փարոսով, որն արդեն ներկայացավ որպես պատրաստի հյուրանոց:

Նախկինում փարոս բարձրանում էին պարանից կապված ցանցե մի զամբյուղով, իսկ այժմ այցելուներին տրամադրվում է վեց մետրանոց արտաքին սանդուղք: Հյուրանոցը բաղկացած է ընդհանուր ննջասենյակից՝ 6 անձանց համար նախատեսված իր երկտեղանի մահճակալներով, խոհանոցից, որը համատեղում է և՛ հյուրասենյակը, և՛ լվացքատունը:

Ի դեպ, ճաշացանկը բաղկացած է հասարակ խմելու ջրից, որոշ թարմ մթերքներից ու պահածոներից: Ճաշին պետք է հրաժարվել ցանկացած ալկոհոլային խմիչքից, եթե իհարկե չեք ուզում մնալ հյուրասրահ և սանհանգույց տանող ճանապարհի կեսին՝ 70 աստիճաններից բաղկացած սանդուղքի վրա: Այստեղ դուք ոչ միայն հանգստացող եք, այլև ավագ խոհարար և ստիպված եք ինքներդ կերակուր պատրաստել:

Չնայած այն հանգամանքին, որ հյուրանոց-փարոսը չի պատրաստվում զարմացնել ձեզ իր հարմարավետությամբ ու ծառայությունների բազմազանությամբ ( քանի որ չկա ո՛չ էլեկտրականություն, ո՛չ ջեռուցում, իսկ սրբիչ և սպիտակեղեն այցելուն պետք է իր հետ վերցնի), այնուամենայնիվ բոլոր տոմսերը գնվում են հանգստյան սեզոնի մեկնարկից առաջ: Եվ սա այն դեպքում, երբ այստեղ մեկ գիշերումն արժե 80 եվրո:

Արդյունքում, ամենամեկուսի «Ռոթեր Զանդ» հյուրանոցը տարվա կտրվածքով ընդունում է մոտ վեց հազար զբոսաշրջիկների և մոտ հազար հյուրանոցի այցելուների՝ ունկնդրելու ծովի ալիքների ձայնային ելևէջներն ու ծովաորորների աղմուկ-աղաղակները:

Հոդվածը Լիլիթ Խալաթյանի, www.building.am

Լուսանկարները՝ www.en.fishki.net


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ