Ռոք-ն-ռոլի Փառքի Սրահ և Թանգարան, Օհայո, ԱՄՆ
Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Ամերիկայի Միացյալ ՆահանգներՌոք - ն-ռոլի Փառքի Սրահ և Թանգարան, Քլիվլենդ, Օհայո, ԱՄՆ
Ուրախ ռոք-ն-ռոլն իր խենթացնող ռիթմերով ու անափ տարերքով հանդերձ առաջացել է ԱՄՆ-ում: Եվ զարմանալի չէ, որ դրան նվիրված այս ժամանակակից համալիրը գտնվում է հենց Միացյալ Նահանգներում՝ Էրի լճի ափին՝ Քլիվլենդում: Եթե Դուք անտարբեր չեք երաժշտության հանդեպ, իսկ ռոքը Ձեզ համար ոչ միայն երաժշտություն է, այլև կենսակերպ, բաց մի՛ թողեք ձեզ ընձեռնված առաջին իսկ հնարավորությունը և այցելե՛ք այս եզակի թանգարանը. և դրա համար լավագույն օրն ապրիլի 13-ն է, ռոք-ն-ռոլի համաշխարհային օրը: Ռոք - ն-ռոլի Փառքի Սրահ և Թանգարան կազմակերպությունն ինքնին հիմնվել է 1983թ.-ի ապրիլի 20-ին: Այնուհետև հանձնաժողովի օգնությամբ առաջարկված բազմաթիվ քաղաքներից ընտրվում է Քլիվլենդը, որն էլ իր դռները բացեց այս ուրույն ճարտարապետական կառույցի առջև: Հատկանշական է նաև, որ Ալեն Ֆրիդը՝ "ռոք-ն-ռոլլ" ժանրի հիմնադիրն ու տերմինի ստեղծողը, ապրել և ստեղծագործել է Քլիվլենդում 1950-ականների սկզբին:
Այս տպավորիչ շենքը կառուցվել է աշխարհի ամենահայտնի ճարտարապետներից մեկի՝ Ի.Մ. Փեյի նախագծով և զբաղեցնում է 13.935 քմ. ընդհանուր տարածք: Ռոք-ն-ռոլի Թանգարան ու Փառքի սրահ համալիրը հանրությանն է ներկայացել 1995թ.-ի օգոստոսի 31-ին: Կառույցի շինարարությունն արժեցավ է $65 միլիոն ԱՄՆ դոլար: Թանգարանը և կազմակերպությունը նվիրված են ռոք-ն-ռոլի ժամանակաշրջանի կարկառուն և ազդեցիկ գործիչներին: Թանգարանի այս զանգվածային շենքը կարծես երաժշտական մթնոլորտով է պատված. այստեղ կան մշակութային փաստեր, ցուցանմուշներ, բեմական իրեր: Համալիրը բաղկացած է մոտ 49,5մ բարձրությամբ աշտարակից և բրգաձև թանգարանից, որը յոթ մակարդակներից է բաղկացած: Առաջին հինգում տեղակայված են բազում մշտական և ժամանակավոր ցուցասրահներ, որոնց հիմնկան թեման ռոք-ն-ռոլի պատմությունն է: Բացի այդ, անցկացվում են ցուցահանդեսներ՝ նվիրված աուդիո ձայնագրությունների և սարքավորումների զարգացման պատմությանը: Իսկ Փառքի սրահը, որը գտնվում է երրորդ հարկում, հայտնի է իր պատերով, որոնք ազդեցիկ երաժիշտների ստորագրություններով են զարդարված: Բուրգի վերին հարկում, որը ամենափոքր տարածքն է զբաղեցնում, տեղի են ունենում ժամանակավոր ցուցահանդեսներ ռոք-ն-ռոլ ժանրի տարբեր խմբերին նվիրված: Այսօր այս գրավիչ համալիրը քաղաքի թիվ մեկ տեսարժան վայրն է հանդիսանում:
Հոդվածը Լիլիթ Խալաթյանի, www.building.am
Լուսանկարները՝ www.downtowncleveland.com