Ռոբերտ Բրունոյի Երկաթե Տունը, Տեխաս, ԱՄՆ
Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Ամերիկայի Միացյալ ՆահանգներԱյս ֆանտաստիկ երկաթե տունը, որը գտնվում է Տեխաս նահանգի Լաբբոկ քաղաքում՝ կիրճի եզրին, կերտել է քանդակագործ և ճարտարապետ Ռոբերտ Բրունոն: Նրա անհավատալի երևակայությունն ու հմտությունն իրենց վառ ներկայացումն են գտել այս ֆուտուրիստիկ դիզայնի մեջ: Բրունոն վերապատրաստվել է որպես քանդակագործ Մեխիկոյում, այնուհետև մշտական բնակության է տեղափոխվել Տեխաս, որտեղ սկսել է դասավանդել Տեխասի տեխնոլոգիական քոլեջում: Մի անգամ նա Ռանսոմ կանյոնի տեղական ռելյեֆի մի առանձնահատկություն նկատեց. երբ կանգնում եք ձորի կողքին, դուք դեռևս չեք կարող տեսնել ողջ կիրճն ամբողջությամբ, բայց կարող եք գտնել մի դիտակետ, որտեղից բացվում է կիրճի մի հետաքրքիր տեսարան. հենց այդտեղ էլ նա որոշեց կառուցել իր տունը: Տան ճակատը, ինչպես նաև մնացած կառուցվածքները ու հիմնասյուները ամբողջովին պատրաստված են մետաղից: Շինարարական աշխատանքները սկսվեցին 1974թ-ին, և նա մոտավորապես 23 տարի տրամադրեց այս տարօրինակ տան ստեղծման վրա, որն իր 110 տոննա քաշով կարծես հսկա խոզի է նման: Ստեղծման գործում Բրունոն ներդրել է ինժեներական և արվեստի բնագավառներում ունեցած իր ողջ հմտությունը: Շենքը կառուցվել է պողպատե շերտերի եռակցմամբ, որոնք գմբեթաձև տեսք են ստացել: Բնակելի մակերեսը կազմում է մոտավորապես 280 ք.մ: Շենքն ունի անսովոր ձև. այն ոչ քառակուսի է, ոչ էլ շրջանաձև: Օգտագործված շինարարական նյութերն են մետաղը, ապակին և վիտրաժները: Ներքին պատեր և սյուներ չի նախատեսվել, ինչի շնորհիվ տարածությունը տեսողական խաբկանքով մեծ է երևում, իսկ վիտրաժներն ու պատուհանները օգտագործվում են մետաղի հետ հակադրություն ստեղծելու նպատակով: Ինտերյերը նույնպես աչքի է ընկնում իր դիզայնով: Այստեղ կարող եք տեսնել գեղեցիկ փայտե սեղան, որը նույպես ձեռակերտ է. ամեն ինչ հենց Ռոբերտ Բրունոյի սեփական հմուտ ձեռքերի շնորքն է: Ճարտարապետն ասում է, որ երբ ինքը սկսեց այս տան կառուցումը, նա նույնիսկ չէր էլ կարող ենթադրել, որ այն կբերի իրեն նման համբավ, պատիվ ու հարգանք ամբողջ աշխարհով մեկ: Երբ զբոսնում ես այդ հոյակերտ տան շուրջը, բարդ դիզայնով արված տարրերը տեղափոխում են քեզ մի հետաքրքիր ուղևորության՝ անընդհատ փոփոխվող տեսարաններով շրջապատված: Ճարտարապետի մահից հետո՝ 2008 թ.-ին, շենքը ծառայում է որպես ճարտարապետության բնօրինակ-թանգարան և այն հանդիսանում է Տեխասի հիմնական տեսարժան վայրերից մեկը:
Հոդվածը Լիլիթ Խալաթյանի, www.building.am
Լուսանկարները՝ www.eikongraphia.com