Ռեզո Գաբրիաձեի Աշտարակ, Թբիլիսի, Վրաստան

Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Վրաստան

Երկար վերանորոգումից հետո 2011թ-ի նոյեմբերի 6-ին Ռեվազ (Ռեզո) Գաբրիաձեն վերաբացմամբ նշեց իր թատրոն-ստուդիայի երեսունամյակը (առաջին տիկնիկային թատրոնը Վրաստանում կառուցվել է 1981թ-ին): Այս իրադարձությունը նա նշեց յուրահատուկ ճարտարապետական քարե ներկայացման պրեմիերայով: Գաբրիաձեն հանրությանը ներկայացրեց թատրոնին կից, մոտ չորս հարկանի տան բարձրության, ժամացույցով աշտարակը:

Բնատուր ճաշակի զգացման շնորհիվ Գաբրիաձեն նախագծեց եզակի ճարտարապետական աշխատանք , որը հիանալիորեն լրացրեց հին թբիլիսյան փողոցի տեսարանը:

Չորս տարի անընդմեջ Գաբրիաձեն նստում էր հրապարակում և հետևում, թե ինչպես է քարը քարին դրվում: Քարի և աղյուսի համադրությունը աշտարակին հաղորդել է ջերմ վարդագույն երանգ: Եվ այսպես, բյուզանդական տաճար- գլուխգործոցի` Անչիսխատիի (V դար) հարևանությամբ, տիկնիկային թատրոնի կողքին, վեր է խոյանում շքեղ մի աշտարակ, որ խոսում է մի քանի համաշխարհային մշակույթների լեզուներով:

Բազմաթիվ ճարտարապետական հնարքները, բյուզանդական սյուների բեկորները, փոքր-ինչ շեղ ժամացույցը, տանիքը, որին ծառ ու երկու նռենու թուփ է աճում, աշտարակի շուրջ ստեղծում են հեքիաթային մթնոլորտ: Ամեն ժամ տանիքի տակ գտնվող փոքրիկ դռնակը բացվում է, մեղմ երաժշտության ներքո դուրս է գալիս ոսկե թևերով հրեշտակը, իր մուրճիկով զարկում զանգը այնուհետև վերադառնում իր տնակը` թափահարելով թևիկները: Եվ օրը մեկ անգամ, ժամը 12:00-ին, բացվում է փոքրիկ թատրոնի նկարազարդ մետաղյա վարագույրը և վրացական ռիթմերի ներքո սկսում է մի ներկայացում, որում ցուցադրվում է նորապսակ երջանիկ զույգի կյանքը մինչև գերեզմանատուն` ամփոփելով կյանքի անխուսափելի շրջապտույտը:

Հոդվածը Լիլիթ Վանեսյանի, www.building.am


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ