Ռեյնհեմ Հոլ, Նորֆոլք, Մեծ Բրիտանիա

Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Մեծ Բրիտանիա

Ռեյնհեմ Հոլը Թաունսհենդ ընտանիքի տոհմական տունն է: Տունն առաջին հերթին հայտնի է ոչ թե իր ճարտարապետությամբ, այլ «Շագանակագույն տիկնոջ» ուրվականով: Ըստ լեգենդի դա Դորոթի Թաունսհենդի ուրվականն է, որը երկրորդ մարկիզ Թաունսհենդի կինն էր: Նրանք ամուսնացել են 1712թ.: Սակայն ամուսնությունից անմիջապես հետո մարկիզ Թաունսհենդը իմանում է, որ մինչև իր կինը դառնալը Դորոթին սիրային կապ է ունեցել ոմն լորդ Վարթոնի հետ: Իմանալով դա` Թաունսհենդը փակում է կնոջը սենյակներից մեկում, իսկ շուտով հայտարարում է նրա մահվան մասին: Սակայն լեգենդի համաձայն միսիս Թաունսհենդը շարունակում էր փակված մնալ տանն իր «պաշտոնական» մահից դեռ երկար տարիներ անց:

Մահից հետո նրա ուրվականը հաստատվում է այստեղ և սկսում է վախեցնել հյուրերին: Ուրվականի հետ հանդիպան մասին տարբեր ժամանակներում պատմել են տարբեր մարդիկ: Շագականագույն տիկինը «դիմավորել է» նույնիսկ Գեորգ IV-ին (Մեծ Բրիտանիայի և Հաննովերի թագավոր 1820-1830թթ.) Ռեյնհեմ Հոլում, երբ նա դեռևս ռեգենտ էր: Ուրվականի մասին պատմությունները լսելով` Ռեյնհամ Հոլ է գալիս գրող Ֆրեդերիկ Մարիեթը: Նա չէր հավատում ուրվականի մասին պատմություններին, սակայն միսիս Թաունսհենդը հոգաց նրա մասին, որպեսզի նա այլևս չկասկածի: Նրանք հանդիպեցին աստիճանների վրա, և Մարիեթը կրակեց ուրվականի վրա: Սակայն Շագանակագույն տիկինը միայն ժպտաց և անհետացավ: Առավոտյան փամփուշտը գտան պատի մեջ: Բոլոր ականատեսները պատմում են, որ տեսել են նրան շագանակագույն մետաքսով կարված շքեղ զգեստով: Հենց այս զգեստով է նա պատկերված Ռեյնհամ Հոլում կախած նկարներից մեկի վրա:

Շագանակագույն տիկնոջն է պատկանում նաև ուրվականի լավագույն նկարը: Լուսանկարի հեղինակն է Ինդրա Շայրան, որն այդ ժամանակ նկարահանում էր տան ինտերյերը և պատահաբար նկարել է նաև ուրվականին: 1936թ. դեկտեմբերի 1 լուսանկարը հայտնվեց «Քանթրի Լայֆ» ամսագրում ու իսկական սենսացիա առաջացրեց:

Հոդվածը Սոնա Գասպարյանի, www.building.am


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ