Րեդքլիֆֆի Կամերա, Օքսֆորդ, Մեծ Բրիտանիա

Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Մեծ Բրիտանիա

Օքսֆորդի Համալսարանի մի շարք նշանակալից շինություններ գտնվում են Րեդքլիֆֆ (կամ Ռեդկլիֆ) հրապարակի վրա, որը հայտնի է նաև որպես «Օքսֆորդի սիրտ»: Այս շինությունների շարքում, իր սիմետրիկ կլորության և ավելի շուտ իտալական, քան բրիտանական ճարտարապետության շնորհիվ, առանձնահատուկ ուշադրություն է գրավում Րեդքլիֆֆի խցիկը (Radcliffe Camera): Այս կառույցը, որը նախկինում եղել է Րեդքլիֆֆի Գիտական Գրադարանի կենտրոնական շինությունը, այսօր ծառայում է որպես Բոդլիանյան գրադարանի գլխավոր ընթերցասրահ:

Րեդքլիֆֆի կամերան առաջին իսկ հայացքից տպավորվում է որպես կատարյալ վայր միջնադարյան փիլիսոփաների մտքերը կարդալու համար: Առաջին իսկ վայրկյանից շինություն մուտք գործած մարդու մոտ ցանկություն է առաջանում բացել գիրքն ու ընթերցել, ինչը վկայում է այս կառույցը ստեղծողների յուրօրինակ տաղանդի և յուրահատուկ գրադարանային մթնոլորտ ունեցող շինություն կառուցելու ունակության մասին:

Րեդքլիֆֆի կամերան կառուցվել է հայտնի բժիշկ Ջոն Րեդքլիֆֆի նվիրատվության շնորհիվ: Նա իր կտակում Օքսֆորդի գրադարանին է ժառանգել մոտ 40 հազար ֆունտ ստերլինգ՝ նոր գրադարանի շինություն կառուցելու համար: Գրադարանի շենքը և շրջակա հրապարակը հետագայում վերանվանվել են՝ Ջոն Րեդքլիֆֆի պատվին: Ի սկզբանե, գրադարանի շինությունը կրում էր Րեդքլիֆֆի Գիտական Գրադարան անունը, սակայն ժամանակի ընթացքում գրքերի թվի զգալի աճի պատճառով գրադարանը 19-րդ դարի երկրորդ կեսին տեղափոխվեց նոր, ավելի ընդարձակ շինություն, իսկ հին շենքը սկսեց ծառայել որպես ընթերցասրահ և ստացավ նոր՝ «Րեդքլիֆֆի կամերա» անվանումը:

Րեդքլիֆֆի կամերան, որը կառուցվել է 1737-1749 թվականներին, Մեծ Բրիտանիայում շրջանաձև գրադարանի ամենավաղ օրինակն է: Շինության ճարտարապետ Ջեյմս Գիբբսը սովորել էր Հռոմում, ինչի արդյունքում նրա կառուցած շինությունը կրում է իր վրա իտալական ճարտարապետության վառ ազդեցությունը՝ համադրված բրիտանական ճարտարապետության հետ: Դրսից Րեդքլիֆֆի կամերան եռաստիճան է: Առաջին՝ ամենացածր հարկը կառուցվել է տեղական կիսամշակված քարից և ունի 16 սիմետրիկ, միմյանց հաջորդող որմնախորշեր և ելուստներ: Բոլոր որմնախորշերի և ելուստների վրա կան կամարաձև դռներ կամ պատուհաններ: Կամարաձև և ուղղանկյունաձև բազմաթիվ պատուհաններ կան նաև երկրորդ, միջին հարկի վրա, ինչի շնորհիվ կառույցը ներսից լուսավորված է յուրօրինակ ձևով: Երրորդ՝ վերջին հարկը իրենից ներկայացնում է կլոր գմբեթ, որը հարմարեցված է թմբուկաձև հիմքի վրա: Գմբեթը պատված է կապարով:

Ներսից շինությունը բաժանվում է երկու հարկի, որոնցից վերինը ծառայում է որպես պատկերասրահ: Շինության ներսում ամենատպավորիչ տարրերից մեկն առաստաղն է՝ կենտրոնական գմբեթաձև հատվածում: Սպիտակի և կապույտի երանգներով նկարազարդված առաստաղը բաց երկինք է հիշեցնում: Առաստաղի բաց երանգները նպաստում են շինության ներսում լուսավորության ուժեղացմանը:

Րեդքլիֆֆի կամերայի սիմետրիկ կլորությունը Ջեյմս Գիբբսի աշխատանքների վրա իտալական ռենեսանսի և բարոկկո ոճի ազդեցության հետևանքն է:

Մինչև 1863 թվականը Րեդքլիֆֆի կամերան մասնակիորեն բաց էր այցելուների համար, սակայն այսօր այն հիմնականում փակ է, և միայն սակավաթիվ կողմնակի այցելուների է բախտ վիճակվում տեսնել շինությունը ներսից:

Հոդվածը Աննա Փամբուխչյանի, www.building.am


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ