Առափնյա Սև Տունը, Մոսկվա, Ռուսաստան
Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի ՌուսաստանՏան պաշտոնական անունն է «Կառավարությունների տուն». Այն կառուցվել է ամայի և ճահճոտ վայրում: Այստեղ ժամանակին հանրային մահապատիժներ էին անցկացվում (օրինակ Եմելյան Պուգաչովի մահապատիժը): Ավելի ուշ այստեղ կառուցվեցին խցեր, որտեղ ձերբակալվածներին տանջում էր Մալյուտա Սկուրատովը (իրական անունը Գրիգորի Լուկյանի Սկուրատով-Բելսկի, ռուսական ռազմական ու քաղաքական գործիչ, օպրիչնինայի ղեկավարներից մեկը: Իվան Ահեղի սիրելի օպրիչնիկը): Դրանից հետո այս տեղը տխուր հռչակ ստացավ:
XX դարի սկզբում, երբ Խորհրդային մայրաքաղաքը տեղափոխվում էր Մոսկվա, քաղաքում բնակելի տարածքի պակաս էր զգացվում: Այդ ժամանակ էլ կառուցվեց Կառավարությունների տունը, որտեղ բնակություն հաստատեցին բարձրաստիճան զինվորականները, գրողներն ու արվեստագետները: Նախագծի հեղինակը ճարտարապետ Բ. Մ. Իոֆանն էր: Այս 12 հարկանի, 25 մուտքով ու 505 բնակարանով շենքը ժամանակին ճանաչվել է Եվրոպայի ամենամեծ բնակելի շենքերից մեկը: Ամեն հարկում երկու բնակարան կա: Բոլոր բնակարաններում հատակը կաղնու փայտից է պատրաստված, առաստաղներին պատկերված են տարվա եղանակների բնապատկերներ, ծաղիկներ, մրգեր: Շենքում հաշվարկված էր ամեն ինչ. փոստ, դրամարկղ, լվացքատուն, մթերային ու կենցաղային ապրանքների խանութ, վարսավիրանոց, ճաշարան, մանկապարտեզ, սպորտային դահլիճ, կինոթատրոն:
Չնայած բոլոր հարմարություններին, որոնցով ապահովված էր տունը, դրանք այդպես էլ երջանկություն չբերեցին այստեղի բնակիչներին: 30-40ական թվականներին, ստալինյան ռեպրեսսիաների ժամանակ գրեթե ամեն գիշեր այս շենքում ձերբակալություններ էին կատարվում: Ամեն գիշեր բոլորը պառկում էին քնելու` սարսափով սպասելով, թե ում են այս գիշեր տանելու: Շենքի գրեթե բոլոր բնակիչները ենթարկվել էին ռեպրեսիաների, շատերն ինքնասպան էին եղել… Ժողովրդի մեջ շուտով այս շենքը հայտնի դարձավ որպես «Ինքնասպանների տուն»:
Անցյալի սարսափելի մանրամասները հիմք հանդիսացան խոսակցությունների համար, որ այստեղ միջանցքներում ուրվականներ են պտտվում, անմարդկային ճիչեր արձակում ու օգնություն խնդրում անցորդներից: Այս ամենի հետևանքով ժամանակի ընթացքում ձևավորվեց ավանդույթ, որ ցանկացած նոր բնակիչ օծում էր տունը նախքան տեղափոխվելը: Սակայն դա էլ չէր օգնում, և մինչ օրս այս շենքը հայտնի է որպես անիծված:
Այսօր շենքում թանգարան է բացվել, որտեղ կարելի է ծանոթանալ խորհրդային երկրի 30-50ական թվականների պատմությանը: Այստեղ պահպանվել է այն ժամանակների բնակարանների ներքին հարդարանքը:
Հոդվածը Սոնա Գասպարյանի, www.building.am

Դիրքը Քարտեզի Վրա