Քուինսի Բուսաբանական Այգու Այցելուների Կենտրոն
Ի՞նչ է LEED ՀավաստագրումըՔուինսի Բուսաբանական Այգու Այցելուների և Վարչական Կենտրոն, Ֆլաշինգ, Նյու Յորք, ԱՄՆ
Քուինսի բուսաբանական այգին Ֆլաշինգում (Queens Botanical Garden - QBG), որը հիմնվել է 1939-1940 թվականների Համաշխարհային տոնավաճառի համար, բաղկացած է մի շարք այգիներից, որտեղ այցելուները կարող են ծանոթանալ ԱՄՆ-ի` էթնիկապես ամենաբազմազան շրջանի բնության առանձնահատկություններին: Այն գտնվում է Ֆլաշինգի Մեդոուս Քորոնա այգում (Flushing Meadows Corona Park)` պատմական տարածք, որը Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդն իր «Մեծն Գեթսբին» վեպում նկարագրել է` որպես «մոխիրների արահետ»:
2007 թվականին «Բի-Քեյ-Էս-Քեյ Արքիթեքթս» (BKSK Architects LLP) ընկերության նախագծով կառուցված Քուինսի բուսաբանական այգու Այցելուների և վարչական կենտրոնի շենքը տեղակայված է 15.8 հա տարածության վրա: Երկհարկ կառույցի հատակների ընդհանուր մակերեսը 1,470 քառակուսի մետր է: Շինարարության ընդհանուր արժեքը կազմել է 12 միլիոն դոլար: Գլխավոր կապալառուի դերում հանդես է եկել նյույորքյան «Սթոունուոլ Քոնթրաքթինգ Քորփորեյշն» (Stonewall Contracting Corporation) ընկերությունը:
Էկոլոգիապես մաքուր շենքում կարելի է տեսնել կայուն դիզայնի մի շարք տարրեր. առանց ջրի միզարաններ և կոմպոստացնող զուգարաններ, լույսի թվային սենսորներ և ֆոտոէլեկտրական կոլեկտորներ, ինչպես նաև թույլ ցնդող օրգանական նյութեր պարունակող ներկեր ու նյութեր, որոնք օգտագործվել են շինարարության ընթացքում: Շենքը ներառում է վարչական գրասենյակներ, ցուցասրահներ ու հանդիպումների սրահներ, լսարան և ընդունարան: Ճարտարապետական տեսանկյունից ամբողջ համալիրը բաղկացած է երեք մասից. 1. բակ և շվաքարան, 2. վարչական շինություն և ընդունարան, 3. լսարան: Արդյունավետ գեոջերմային մեխանիզմները կազմակերպում են շենքի տաքացման և զովացման համակարգերի աշխատանքը: Կենտրոնի կանաչ տանիքին տեղադրված ֆոտոէլեկտրական պանելներն արտադրում են շենքի համար անհրաժեշտ էլեկտրականության 20%-ը: Մեկուսացման շնորհիվ տանիքը ձմռանը տաք, իսկ ամռանը զով է պահում շենքը: Ապակե դռներն ու բացվող պատուհաններն ապահովում են բնական օդափոխություն և լուսավորություն:
Էներգախնայող շինությունն արժանացել է հեղինակավոր LEED Պլատինե հավաստագրման:
Հոդվածը Աստղիկ Աթաբեկյանի, www.building.am

Դիրքը Քարտեզի Վրա