Վառոդի Աշտարակ, Պրահա, Չեխիա

Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Չեխիա

Վառոդի աշտարակը (Prašná brána), նաև հայտնի է որպես Վառոդի դարպասներ, ամենայուրօրինակ և գեղեցիկ շենքերից մեկն է Պրահայում, մեկը՝ այս քաղաքի ամենահայտնի խորհրդանիշներից։ Գտնվում է այն Հանրապետության հրապարակի վրա։

Այս աշտարակի շինարարությունը երկարատև է եղել ու բարդ։ Աշտարակը սկսել են կառուցել 1475 թվականին՝ հին և քանդուքարափ եղած աշտարակի տեղում։ Նոր աշտարակի ճարտարապետը Մատեյ Ռեյսեկն էր, իսկ շինարարաության ղեկավարը՝ հայտնի քարագործ-վարպետ Վացլավը։ Այս աշտարակը պետք է վեր բարձրանար Պրահայի հին քաղաք տանող 13 մուտքերից մեկի վրա, սակայն երկրի անկայունության պատճառով տասներեք մուտքեր կառուցելու նախագիծը անավարտ մնաց։ Վառոդի աշտարակը ևս թողեցին անավարտ։ Միայն մեկ դար անց աշտարակը ծածկեցին ժամանակավոր տանիքով, որպեսզի այն օգտագործվի որպես վառոդի պահեստ։ Այստեղից էլ այն ստացել է իր անունը։ 1757 թվականին աշտարակը զգալիորեն տուժել էր պրուսական բանակի պաշարման հետևանքով։ Վնասվածքների պատճառով որոշվեց աշտարակի վրայից հանել ճարտարապետական զարդարանքները, քանի որ դրանք ընկնում էին անցորդների վրա՝ նրանց վնասվածքներ պատճառելով։ 19-րդ դարում աշտարակը երկու անգամ վերանորոգվել է։ 19-րդ դարի վերջում՝ 1878 թվականին, երկրորդ վերակառուցման ժամանակ որոշվեց վերականգնել աշտարակի սկզբնական տեսքը։ Այդ նպատակով քաղաքային իշխանությունները հրավիրեցին հայտնի ճարտարապետ Յոզեֆ Մոցկերին։

Մոցկերը որոշում ընդունեց աշտարակից հեռացնել ավելի ուշ ավելացված զարդարանքներն ու լրացումները, այդ թվում՝ նաև ճակատամասը զարդարող մեծ ժամացույցը։ Աշտարակը վերականգնվեց պսևդոգոթական ոճով։ Մոցկերը և նրա հետ աշխատող ժամանակաշրջանի լավագույն քանդակագործներն ու շինարարները շենքը զարդարեցին քրիստոնեական դրվագներ պատկերող քանդակներով։ Աշտարակի պատերի վրա կարելի է տեսնել նաև չեխ թագավորների պատկերներ, իսկ աշտարակի տակ գտնվող անցումում՝ շենքի ճարտարապետի՝ Մատեյ Ռեյսեկի կիսանդրին։ Չնայած Մոցկերի ջանքերին՝ վերականգնել աշտարակի սկզբնական տեսքը, հարկ եղավ կատարել որոշակի փոփոխություններ։ Մասնավորապես, որոշվեց փոխել շենքի տանիքի ձևը։

Այսօր, այս սև գոթական աշտարակը տպավորիչ է։ Նրա ներսում նույնպես գոթական մթնոլորտ է տիրում։ Ներքին սրահներն ունեն կամարակապ առաստաղներ և վիտրաժային լուսամուտներ, իսկ պատերը անգամ ներսից մուգ քարից են։ Սկսած 2007 թվականից շենքի ներսում ցուցադրվում է «Թագավորական արքունիքը» հավաքածուն, որը պատկերում է միջնադարյան Պրահան։ Այստեղ նաև անց են կացվում լուսանկարների ցուցահանդեսներ։

Աշտարակի բարձրությունը կազմում է 65 մետր։ Աշտարակի երկրորդ հարկում, 44 մետր բարձրության վրա, կա դիտահարթակ, ուր տանում է երկար ոլորապտույտ աստիճանը։ Այստեղից բացվում է քաղաքի հիասքանչ համայնապատկեր:

Հոդվածը Աննա Փամբուխչյանի, www.building.am


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ