Պոտալա, Տիբեթ, Չինաստան

Շրջագայություններ և Հանգստի Ուղեգրեր Դեպի Չինաստան

Պալատական Պոտալա (Potala) համալիրը գտնվում է կարմիր սարի` Մարպո Րի (Marpo Ri) բլրի վրա`Լհասայի (Lhasa) հովտի կենտրոնում: Պալատը անվանվել է Պոտալա սկսած 11-րդ դարից: Այն իր անունը ստացել է հնդկական սուրբ Պոտալակա սարից (Mount Potalaka),որը սանսկրիտերեն նշանակում է «Խորհրդավոր լեռ»: Ըստ առասպելի 637 թվականին Տիբեթի կայսր Սոնգցեն Գամպոն (Songtsen Gampo) կառուցել է ինը հարկանի պալատ 999 սենյակներով, իր ապագա կնոջ` արքայադստեր Վեն Չենի համար: Սոնգցեն Գամպոյի դինաստիայի փլուզումից հետո, կայծակի հարվածից շենքի փայտե կառուցվածքները վնասվում են և ժամանակի ընթացքում գրեթե ամբողջությամբ ավերվում:

Պալատի կապիտալ վերակառուցումը սկսվել է 1645 թվականին 5-րդ Դալայ Լամաի կառավարության օրոք: Դրանից հետո, այն դարձել է Դալայ Լամայի ձմեռային նստավայրը: Համալիրը բաղկացած է երկու մասից` կարմիր և սպիտակ պալատներից: Սպիտակը կառուցվել է 1648 թվականին: Այստեղ են գտնվում` Մեծ արևելյան սրահը (սպիտակ պալատի ամենամեծ սրահը) և Արևային սրահը (Դալայ Լամաների հանգսյան վայրը): Կարմիր պալատը սկսել են կառուցել 1694 թվականից: Այն ամենաբարձրն է վանքային համալիրում և գտնվում է կենտրոնական մասում: Կարմիր պալատը համարվում էր հոգևոր կրթության և բուդդիստական աղոթքների կենտրոն: Շինարարական աշխատանքներում ներգրավվել են 7000 բանվոր, 1500 նկարիչ և արհեստավոր: Տաճարն ունի 119 մ բարձրություն, արևելքից-արևմուտք ձգվում է 350 մ, լայնությունը հյուսիսից-հարավ` 270 մ, մակերեսը 360 հազար քառ.մ է:

Պոտալան համարվում էր Դալայ Լամայի նստավայր մինչև 1959 թվականը՝ չինացիների կողմից Տիբեթի գրավումը: Այժմ այն չինական կառավարության կողմից օգտագործվում է որպես թանգարան և մինչ օրս շատերի համար մնում է սրբավայր և ուխտատեղի:

Պոտալայի տաճարը համարվում է աշխարհի ամենաբարձր նիշում կառուցված հին պալատը, որը գտնվում է 3767 մ բարձրության վրա: Այն համարվում է տիբեթցիների մտքի և տաղանդի արդյունք, նրանց մշակույթի վկայություն և Տիբեթի խորհրդանիշ: 1994 թվականին Պոտալայի պալատը գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակույթային ժառանգության ցանկում:

Հոդվածը Ռուզաննա Մկրտչյանի, www.biulding.am

Photos: www.seetheworld.ru


 


Շենքեր (519) : # Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ